«Տեղին չէ համավարակով պայմանավորված սահմանափակումները կապել քաղաքական նպատակների հետ». Լիլիթ Մակունցը՝ ընդդիմությանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթին, որն այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց:

Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդարանում արդեն ասել է, թե ինչ է սպասվելու, երբ սեպտեմբերի 11-ից երկրում հանվի արտակարգ դրությունը:

«Իսկ մնացածը կարանտինի վերաբերյալ, այդ թվում՝ խիստ և ոչ այդքան խիստ ռեժիմների վերաբերյալ, Կառավարությունը որոշմամբ արդեն կհայտարարի: Գիտեք, որ արտակարգ դրությունը վերանում է, պետք է գործի արտակարգ իրավիճակի ռեժիմ, սակայն, այդուամենայնիվ, տեմպն այն վիճակում չէ, որով մենք կկարողանանք առհասարակ վերացնել բոլոր սահմանափակումները, դրա համար անհրաժեշտ են որոշակի օրենքներ, որոնք հնարավորություն կտան վերահսկողություն տակ պահել՝ դիմակների ու մնացած կարգավորումների հետ կապված: Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ շարունակելու ենք կրել դիմակներ, իհարկե, վարակվածների թիվը նվազում է, բայց դեռ ունենք բականաչափ թվով վարակվածներ»,- նշեց Լ. Մակունցը:

Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը և  ընդդիմության մտահոգություններին, որ հնարավոր է՝ 6  ամսով կարանտին հայտարարվի և երկրում արգելվեն հանրահավաքները, ակցիաները, Լիլիթ Մակունցը նկատեց. «Կարծում եմ՝ տեղին չէ համավարակով պայմանավորված սահմանափակումները կապել քաղաքական նպատակների հետ: Ընդդիմադիր ուժերն ունեն այլ հնարավորություններ և հարթակներ այս պահին իրենց խոսքը հասանելի դարձնելու հասարակությանը:  Ընդ որում, եթե խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, ապա այն այդ առումով ունի հարթակ՝ ԱԺ լիագումար նիստերի դահլիճը: Հնարավորություն ունի նաև մամուլի միջոցով իր խոսքը հասցնելու, մասնավորապես մեկ խորհրդարանական ընդդիմություն ունի հեռուստատեսություն, որի միջոցով կարող է հստակ իր ուղերձները հղել, կազմակերպել բանավեճեր, քննարկումներ այն ձևաչափերով, որը ճիշտ է համարում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս