Արցախի նախագահը կորցրել է ռացիոնալությունը

Յուրաքանչյուր պետության ու պետականության համար ամենաառանցքային ու անկյունաքարային օրն անկախության տոնն է, որն ունի առաջնային՝ ինչ-որ առումով՝ նաև միստիկ նշանակություն։ Այդ օրը պետության գաղափարը հանրության մոտ վերարժևորվում է․ անհատն անկախ իր կամքից՝ սկսում է խորհել պետականության հետ ասոցիացվող վեհ կատեգորիաների մասին։

Ուղիղ 29 տարի առաջ՝ հեռավոր 1991-ին, Արցախը հռչակվեց՝ որպես անկախ հանրապետություն (ճիշտ է՝ դեռևս չճանաչված)։ Անվիճելի է և աներկբա, որ Արցախը ՀՀ-ի հետ կապված է մի առերևույթ պորտալարով, որն ունի ամենաբարդ կենսաբանական անքակտելի կառուցվածքը։ Հենց այս օրն անկոտրում արցախցին որոշեց, որ չպետք է այլևս մնա Ադրբեջանի կազմում, և ունենա սեփական անկախ պետականությունը, ցանկացավ և իրականացրեց, իրականացրեց և շուրջ երեք տասնամյակ միջազգային ողջ հանրությանն ապացուցում է, որ ինքը կա, տոկուն է և չի պատրաստվում հանձնվել իր ինքնաճանաչման քարքարոտ ու դժվարանցանելի գողգոթայում։

Սա արձանագրենք առանց պաթոսի, առանց այլ էսթետիկ արարողակարգերի ու անցնենք առաջ։

Ընդունված կարգ է, որ սեպտեմբերի 2-ի անկախության տոնին, որպես կանոն, Հայաստանից մշտապես մեծաթիվ պետական պատվիրակություն էր մեկնում Արցախ, ու գրեթե մշտապես պետության ղեկավարի գլխավորությամբ և պետական բարձր մակարդակով նշվում էր Անկախության հերթական տարեդարձը։ Դա տեղի է ունեցել անցած ողջ տարեդարձների ժամանակ՝ անկախ նրանից, թե ով էր երկրի նախագահը։

Այսօր Ստեփանակերտում տրամագծորեն ամբողջովին այլ պատկեր էր․ Արցախի կարևորագույն տոնի միջոցառումներին չէին մասնակցում ո՛չ Արցախի նախկին նախագահներից որևէ մեկը, ո՛չ էլ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը։ Միջոցառմանը ներկա չէր նաև Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, և, փաստորեն, Արցախի պետական տոնակատարությանը ներկա գտնվելու փոխարեն՝ գերադասել է ակտիվ քայլարշավներ և լեռնագնացության նոր էքսկուրսիաներ անցկացնել հայրենի բնաշխարհում։ Չկար նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահ դարձավ Արայիկ Հարությունյանը, և Արցախի տարեդարձը, որպես այդպիսին, Հարությունյանն առաջին անգամ է դիմավորում երկրի նախագահի կարգավիճակում։

Ըստ էության ստացվում է, որ Հարությունյանն Արցախի անկախության տոնակատարության մակարդակն ուղղակիորեն իջեցրել է՝ հասցնելով միջինից ցածր «լևլի» միջոցառումի կարգավիճակի։ Ի դեպ, իշխանության գալուց հետո նա պարբերաբար աչքի էր ընկնում հայաստանյան իշխանություններին առանձնահատուկ քծնանքի տարբեր դրսևորումներով, երբ փորձում էր անհասկանալի մեկնաբանություններ ու հայտարարություններ անել ՀՀ և Արցախի հարաբերությունների, բանակցային գործընթացի, ապրիլյան մարտական գործողությունների և նմանօրինակ տարբեր ոլորտային թեմաների վերաբերյալ։ Այսինքն՝ ամեն կերպ փորձում էր սիրաշահել Նիկոլ Փաշինյանին և նրա որդեգրած քաղաքական կուրսը (եթե այդպիսին, իհարկե, գոյություն ունի)։

Փաստացի կարող ենք նշել, որ Հարությունյանն այսօր երկրի ներսում չի կարողանում ապահովել կառուցողական և առողջ մթնոլորտ և ի վիճակի չէ հստակ կանոնակարգել պետության ներսում գոյություն ունեցող ընդհանուր քաղաքական «ռասկլադը»։

Ամփոփելով՝ հավելենք, որ անկախ երկու երկրներում գոյություն ունեցող քաղաքական կոնյունկտուրայից և տվյալ պահին առկա կոնգլոմերատից, Արցախի հարցում առանձնակի միաբանության ու համերաշխության մթնոլորտը միշտ գոյություն է ունեցել․ հատվածական, իրարից տարբերվող սեպարատ ու շերտավորված եզրույթներ երբևէ չեն կիրառվել, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, դուրս է ռացիոնալ տրամաբանության սահմաններից։

Ակնհայտ է, որ Հարությունյանը պետք է փորձի վերանայել իր քայլերի հաջորդականությունը և հետագա բոլոր գործողություններից առաջ շատ լուրջ ու ադեկվատ քայլեր ձեռնարկի, այլապես նման գործելաոճը հանգեցնելու է անդառնալի հետևանքների։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս