Բաժիններ՝

«Կարևոր է, որպեսզի օբյեկտիվորեն գնահատվի գործարարության դերը». Տնտեսագետը՝ բիզնեսին տրվող աջակցության մասին

«Շատ լավ բան ենք ասում, որ գործարարներն այս ճգնաժամի ժամանակահատվածում հասկացան՝ ինչ խնդիրներ ունեն, և իրենք ապագայում ավելի պատրաստված են լինելու, համոզված եմ, նրանց ներդրումներն ավելի շատ են լինելու։ Մեկ խնդիր կա, որ պետությունն ունի, պետությունը թող շատ չոգևորվի իր դերակատարության հետ կապված, քանի որ ճգնաժամի պայմաններում պետության դերակատարությունը մեծանում է։ Իմ մտահոգությունն այն է, որ պետությունը շատ չոգևորվի, թե ինքն ամեն ինչ կարող է լուծել և բոլոր հարցերի լուծողն ինքն է։ Շատ կարևոր է, որպեսզի օբյեկտիվորեն գնահատվի գործարարության դերը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պետության կողմից կորոնավիրուսի պայմաններում բիզնեսին աջակցելուն ուղղված քայլերը, արդյո՞ք միայն արտոնյալ վարկեր տրամադրելով՝ հնարավոր է օգնել բիզնեսին։

Շարունակելով միտքը՝ տնտեսագետը նկատեց, որ պետք է ընդունել ու հասկանալ, որ այսօրվա տնտեսական անկման թվերը պետության և մասնավորի համագործակցության արդյունք են և Կառավարության կողմից իրականացվող 24 հակաճգնաժամային ծրագրերի ապացույցը։

Նա շեշտեց, որ ունի որոշակի անհանգստություններ, զգում է, որ հատկապես կառավարական շրջանակներում որոշակիորեն ձևավորվում է տեսակետ՝ ուղղված մասնավոր սեփականությանը։

«Պետք է ընդունել հետևյալը, որ առանց մասնավորի ու նրա հետ համագործակցության՝ մեր երկիրը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Սա ինձ համար ուղղակի աքսիոմատիկ խնդիր է, հույս ունեմ, որ Կառավարության համար էլ է աքսիոմատիկ։ Այս առումով ցանկացած ծրագիր, որն իրականացվում է, պետք է բխի այս սկզբունքից։ Այն, ինչ այժմ արվում է բիզնեսի համար, ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, վաղը-մյուս օրը մի քանի անգամ ավելին է վերադարձվելու բիզնեսի կողմից՝ հարկերի, պետության զարգացման ձևով։ Այսինքն, երբևէ չպետք է մտածել, որ պետությունը որպես գործարար՝ կարող է մասնավորից ավելի հաջողակ կամ արդյունավետ լինել, նման բան չի լինելու։ Սա գայթակղություն է, որին այս ճգնաժամի ժամանակ շատերը տրվում են օբյեկտիվորեն։ Կարծում եմ՝ այս ճգնաժամից հետո այդ գայթակղությունը կվերանա»,- նշեց Վահագն Խաչատրյանը։

 168.am-ի նույն հարցին «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պատասխանեց, որ պետության առաջին խնդիրն այն է, որ չունի հակաճգնաժամային կառավարման ինստիտուցիոնալ լուծումներ, Կառավարությունը որոշումներ էր կայացնում հընթացս, ինչն առհասարակ համակարգային չէր։

«Կարծում եմ՝ հակաճգնաժամային կառավարման մոդելի մշակման և ներդրման հարց կա, որովհետև  Աստված չանի, բայց կարծում եմ՝ ճգնաժամերի քանակն ավելանալու է, աշխարհը գնում է դեպի ավելի զգայուն ու խոցելի շրջան։ Մենք տեղում պետք է ունենանք հակաճգնաժամային ինստիտուտ, որոնք պետք է մոնիտորինգ անեն տարբեր ռիսկեր և համապատասխանաբար հեշտությամբ անցնել հասարակ կառավարումից դեպի հակաճգնաժամային կառավարում։ Այս պահին դրա հիմքերի հետ կապված քայլեր չեմ տեսնում»,- շեշտեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս