Սերգեյ Շոյգուն՝ Բաքվում, Ջեյհուն Բայրամովը՝ Մոսկվայում․ Մոսկվան և Բաքուն Արցախյան հարցի կարգավորման ակտիվ քննարկումների մեջ են
Հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված տավուշյան սրացումից հետո Ադրբեջանը շարունակում է ռազմաքաղաքական և դիվանագիտական ճնշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես՝ Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ։ Այս օրերին ՌԴ առանցքային երկու գերատեսչությունների ղեկավարները զուգահեռաբար բանակցություններ են վարում Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաների հետ, իսկ քննարկումների առանցքում Արցախյան հակամարտության կարգավորման հարցն է։
Օգոստոսի 23-ին Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպմանը հաջորդեց ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու, որտեղ վերջինս հանդիպումներ ունեցավ իր ադրբեջանցի պաշտոնակցի և Ադրբեջանի նախագահի հետ։ Այստեղ հարկ է հիշեցնել այն հաղորդագրությունները, որոնք տարածվում էին Բաքվից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ շաբաթներ առաջ ունեցած հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։
Ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը քննարկել էր Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Դրանց համաձայն` Ալիևն ասել է, որ հուլիսյան իրադարձություններից հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Ինչպես և ակնկալվում էր, Շոյգուն Բաքվում փորձեց փարատել ադրբեջանական կողմի «վախերը»՝ նշելով․
«Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին։ Եվ գիտենք դեպի մեր ռազմակայան իրականացվող թռիչքների հետ կապված տագնապների մասին։ Ուզում եմ միանգամից ասել` մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և ուղղված չեն Ադրբեջանի` մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Անդրկովկասում լարվածություն լինի»։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում սոցիալական օբյեկտների շինարարություն է ընթանում, և ակտիվությունը դրա հետ է կապված։ Շոյգուն նշել է նաև զորակոչի գործընթացը, ինչը նույնպես փոխադրումների ծավալների աճի է հանգեցրել:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Անդրկովկասում լարվածություն լինի:
Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կկատարի Թուրքիայից հետո իր թվով երկրորդ պաշտոնական այցը Մոսկվա և իր ռուս պաշտոնակից Լավրովի հետ կքննարկի երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային ասպեկտներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն Մոսկվա մեկնելուց առաջ Բայրամովը հարցազրույց է տվել ռուսական TASS գործակալությանը՝ նշելով, որ այս պայմաններում նախարարական հանդիպման մասին խոսելը վաղ է։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը համանախագահներից ակնկալում է երաշխիքներ՝ Հայաստանի կողմից բովանդակային բանակցություններ վարելու պատրաստակամության վերաբերյալ։
Ավելի վաղ ռուսական անանուն աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ աշնան սկզբին Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կազմակերպելու է նախարարական հանդիպում։
Հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա ասել է, որ ի սկզբանե, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Ադրբեջանն ակնկալիքներ ուներ, որ նա հավանաբար այլ քաղաքականություն է վարելու, քան Հայաստանի նախկին ղեկավարությունը:
Հաջիևը հիշեցրել է Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին՝ ասելով, որ այդ ժամանակ Հայաստանի վարչապետը խնդրել է իրեն ժամանակ տալ որոշ փոփոխություններ կատարելու Հայաստանում, նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին, և այլն:
«Իր հերթին՝ Ադրբեջանն ապահովել է կառուցողական մասնակցություն բանակցային գործընթացին և տվել է խնդրվող ժամանակը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել հրադադարի ռեժիմի ապահովման համար, սակայն, ցավոք, մենք հայկական կողմից չտեսանք փոխադարձություն»,- հավելել է նա:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, թե ակնհայտ է, որ տավուշյան բռնկումը կարգավորման գործընթացի և հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա էականորեն անդրադարձել է։
Ըստ նրա՝ ակնհայտ է նաև, որ վերջին երկու տարվա ադրբեջանական կողմի սպասումից հետո Ադրբեջանի «ձեռքերը» կարծես սանձազերծվել են բոլոր ուղղություններով։ «Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանը դուրս չի գալիս բանակցություններից, սակայն կոնկրետ հարց է դնում համանախագահ երկրների և Հայաստանի առջև, որը չկատարելու դեպքում բանակցային գործընթացը կմնա փակուղում՝ իր բոլոր վատ հետևանքներով։
Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի առջև կոնկրետ խնդիրներ են դրված, չէ՞ որ նախկին նախարարին մեղադրում էին անիմաստ ժամանակ վատնելու մեջ, և այժմ նոր նախարարը հայտարարում է, որ քննարկելու է միայն հետևյալ կոնկրետ հարցերը, իսկ հայկական կողմը նշում է, որ քննարկելու է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը։ Այսինքն՝ համանախագահ երկրները բախվել են անլուծելի իրավիճակի և՝ այո՛, պատերազմական սցենարը, ինչպես նաև սահմանային միջադեպերը շատ հավանական են դառնալու։ Կարգավորման սեղանի շուրջ առաջընթացի որևէ տեղ չեմ տեսնում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Շոյգուի այցին Բաքու և այնտեղ հնչեցված շեշտադրումներին, ապա Խրամչիխինն ասաց, որ Բաքուն ակնհայտորեն ակնկալում է ինտենսիվացնել ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքները՝ զուգահեռաբար շահարկելով հայ-ռուսական գործարքների և Թուրքիայի հետ համագործակցության թեման։
«Ինչպես տեսանք՝ ՌԴ ՊՆ ղեկավարի պատասխանները դիվանագիտական էին, քանի որ եղավ թե՛ վստահեցում, որ Ռուսաստանը չի գործի Ադրբեջանի դեմ, թե՛ մեկնաբանություն այն մասին, որ անցկացվում են սոցիալական ծրագրեր՝ ռազմաբազայի հետ կապված, ինչը, իմ ենթադրմամբ՝ այնքան էլ այդպես չէ և նշանակում է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ամեն հարց չէ, որ պարզաբանման և մեկնաբանության ենթակա է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանը որոշ պարտավորություններ ունի:
Սակայն, ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ, հարևանությամբ Բելառուսն է, Մոսկվայի համար հեշտ ժամանակներ չեն։ Չնայած դրան, Մոսկվան փորձում է իսկապես թույլ չտալ բռնկում, ինչը չափազանց բարդ է, և դրա ապացույցը հենց Տավուշյան սրացումն էր, երբ Մոսկվան կրկին գործի դրեց իր լծակները։ Սակայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների կոնտեքստում, երբ ռուս-թուրքական հարաբերություններում նոր բացասական միտումներ են ի հայտ գալիս, բարդ է վերահսկողություն պահպանելը, երբ չկա լուծում, իսկ այն իսկապես չկա»,- ասաց նա։