«Արտաքինից աշխատավարձը թվում է լավ, աշխատողների թիվը չի կրճատվել, բայց գործատուների մյուս խնդիրները շարունակում են մնալ ուժի մեջ». Գագիկ Մակարյանը՝ վարչապետի գրառման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ապրիլից Կառավարության` իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությանը և դրա հետ կապված բերել որոշակի ցուցանիշներ։ Վարչապետը գրել էր. «2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:
Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին՝ 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:
Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:
Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակն աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը:
Պաշտոնական այս թվերն ապացուցում են, որ այդ միջոցառումներն արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, և այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն անդրադառնալով այս ցուցանիշներին և Կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերին՝ նախ նշեց, որ մինչև կորոնավիրուսը կար 620 հազարից ավելի աշխատող, մայիսին այդ թիվը նվազել էր 30 հազարով, իսկ հունիս-հուլիս ամիսներին հասավ 613 հազարի։
«Որոշ ոլորտներ զարգացում ապրեցին, հատկապես՝ առևտրի որոշ ոլորտներ, օրինակ՝ ալկոգելի և կորոնավիրուսի հետ կապված տարբեր ախտահանիչների, դիմակների արտադրությունը, որը մինչ այդ Հայաստանը չուներ։ Միաժամանակ որոշակի ոլորտներում, նաև շինարարության ոլորտում, որն ամառային սեզոնին ակտիվացել էր, նոր աշխատատեղեր բացվեցին։ Ճիշտ է, աշխատատեղերի թվով մենք 7 հազար աշխատատեղով դեռ չենք հասել նախկին մակարդակին, բայց այս ցուցանիշները բավականին դրական են։ Պետք է գովեստով խոսել բիզնեսի մասին, որ կարողացավ որոշակի ճյուղեր զարգացնել, քանի որ դրան զուգահեռ՝ կան ոլորտներ, որտեղ աշխատողների թիվը կրճատվել է, օրինակ, տուրիզմի, սպասարկման և այլ ոլորտներում»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի ֆոնդին, ապա, Գագիկ Մակարյանի կարծիքով՝ այստեղ լուրջ ազդեցություն է ունեցել պետական երեք միջոցառում, որոնց միջոցով որոշակի գումար փոխանցվեց կազմակերպություններին, պահպանելու աշխատատեղերը և աշխատավարձը։
Նա, միևնույն ժամանակ՝ նկատեց, որ տնտեսության տարբեր ճյուղերում եկամտաբերության մակարդակը չի հասել այն աստիճանի, որը կար վիրուսից առաջ, քանի որ եկամտաբերության մակարդակը պայմանավորված է մի քանի գործոնով՝ արտահանումով, շրջանառության չափով, նաև գնողականությամբ։
«Այսօր կորոնավիրուսի պայմաններում ժողովրդի գնողականությունը նույնը չէ։ Տնտեսության որոշ ճյուղերում տնտեսվարողները գտնվում են ցածր եկամտաբերության շեմին, մասնավորապես՝ Ռուսաստանում նույն կորոնավիրուսով կամ ռուբլու ինֆլյացիայով պայմանավորված, օրինակ, գինեգործական, կոնյակագործական, պահածոյագործական գործարաններն ավելի քիչ են արտահանել կամ նրանց եկամուտներն ավելի քիչ են եղել։ Այսինքն՝ այստեղ խաբուսիկ պահեր կան, որ արտաքինից աշխատավարձը թվում է լավ, աշխատողների թիվը չի կրճատվել, և թվում է՝ այլ խնդիր չկա, բայց գործատուների մոտ մյուս խնդիրները շարունակում են մնալ ուժի մեջ»,- շեշտեց նա։
Հարցին, վարչապետի նշած թվերը հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամը, Գագիկ Մակարյանը պատասխանեց՝ ոչ, քանի որ կորոնավիրուսի հետևանքներն ավելի տեսանելի կլինեն ավելի ուշ, հատկապես, որ կան ոլորտներ, որոնք հայտնվել են բավականին վատ վիճակում։
«Վատ վիճակում է հատկապես հրուշակեղենի ոլորտը, սա բացատրվում է նրանով, որ հրուշակեղենը հիմնականում սպառվում է ներքին շուկայում, պարետի որոշմամբ պայմանավորված՝ մասշտաբային հարսանիքներ չեն կատարվել, հուղարկավորություններ՝ նույնպես, կոնֆերանսներ, մկրտություններ և այլ միջոցառումներ չեն եղել, հիմնականում քիչ մարդկանցով է եղել։ Եթե որևէ ֆորսմաժորային վիճակ չառաջանա, եթե կորոնավիրուսը նոր հոսքեր չառաջացնի, մենք կարող ենք մինչև տարվա վերջ հաղթահարենք։ Ապրիլին գործատուների շրջանում արված մեր հարցումները ցույց են տալիս, որ իրենք մինչև 90 օր կարիք են զգում վերականգնելու նախկին մասշտաբները։ Եթե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որևէ բան լինի, ուրեմն մենք պետք է հաշվենք, որ անհրաժեշտ է ևս 90 օր վերականգնվելու համար։ Այսինքն՝ վերջնական եզրակացություն դեռ անել պետք չէ։ Նախնական տվյալներով՝ կլինի 5-6 տոկոս տնտեսական անկում, եղած իրավիճակում դա էլ վատ չէ»,- հավելեց Գագիկ Մակարյանը։