«Հետագայում երեխաների մոտ շփման և հաղորդակցության խնդիրներ կարող են լինել». հոգեբանը՝ ԿԳՄՍՆ-ի ուղեցույցի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երեկ հրապարակեց ուղեցույցը, ըստ որի՝ պետք է հանրակրթական դպրոցներում կազմակերպվեն դասապրոցեսները: Ուղեցույցը լայնորեն քննարկվեց հատկապես սոցցանցերում, օգտատերերն անդրադառնում էին դասասենյակներում դիմակները կրելու պարտադիր պահանջից՝ մինչև աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը:
168.am-ը ԿԳՄՍՆ-ի հրապարակած ուղեցույցի մի քանի կետերի վերաբերյալ զրուցել է «Նագաշյան» երեխաների աջակցության և «Կանա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հետ, հետաքրքրվել, թե ի՞նչ ազդեցություններ կարող են ունենալ նշված պայմաններն աշակերտների, հատկապես՝ տարրական դասարանում սովորողների համար:
Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության
«Կա մարտահրավեր, նոր իրավիճակ է, որն այս պահին, իմ պատկերացմամբ՝ փոխել չենք կարող, և ոնց հասկանում եմ՝ այս միջոցառումները միայն մեր երկրում չի կիրառվելու: Այո, շատ բարդ է, ո՞նց է երեխան դա անելու, ուսուցիչը ո՞նց է այդքանը վերահսկելու՝ հատկապես ցածր դասարաններում, առավել ևս՝ 1-ին դասարանում: Հոգեբանական առումով՝ ցանկացած նոր իրավիճակ դա մի մարտահրավեր է, որն արթնացնում է ներքին ռեսուրսներ: Մեր խնդիրը ոչ թե այն է լինելու, որ կենտրոնանանք՝ վա՜յ, ինչ դժվար է, այլ պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ոնց կարելի է դա որպես նոր հմտություն՝ շուտ սովորեցնել երեխային: Եկեք ընդունենք, որ ամեն ժամանակահատված իր մարտահրավերներն է ունենում, ու նոր երևույթներ լինում են, որին ուշ թե շուտ երեխան հարմարվում և սովորում է: Եթե բժշկական առումով բացասական շատ բաներ չեն տեսնում, հոգեբանական առումով ծնողի և մանկավարժի խնդիրը պետք է լինի՝ օգնել հարմարվել դրան, ոչ թե դա դիտարկենք՝ որպես խոչընդոտ, բարդություն, անհաղթահարելի որևէ բան»,- ասաց հոգեբանը:
Սույն ուղեցույցի մաս 2-ի 3-րդ կետի դրույթների պահպանմամբ դասերը դպրոցում կազմակերպելիս՝ դասասենյակների թվի անբավարար լինելու դեպքում դրանք կարող են կազմակերպվել այդ նպատակով կահավորված դահլիճներում և միջանցքներում, ինչպես նաև՝ բացօթյա տարածքում՝ նման հնարավորության և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում
«Սրա մեջ ես շատ բացասական բան չեմ տեսնում, առավել ևս, եթե բացօթյա պայմաններում լինի: Միակ կարևոր բանն այստեղ հետևյալն է, առաջ էլ, երբ դասարանները գերհագեցած էին, ասում էինք՝ երեխան չի ստանում անհատական ուշադրության իր բաժինը: Հիմա, երբ քիչ են լինելու, հեռավորություն է պահպանվելու, կարծես թե շատ ծնողներ բարձրաձայնում են՝ բա այդ ընկերական հարաբերություններ ստեղծելու դժվարությունը, բա երեխաներն իրենց մեկուսի կզգան, մտերմություն չի լինի: Այստեղ էլի մանկավարժն է ստիպված լինելու շատ բան անել, որ երեխան հասկանա՝ հեռավորությունը ֆիզիկական է, ոչ թե սոցիալական, հեռավորությունը հոգեբանական չէ, այսինքն՝ դուք էլի ընդհնաուր միավոր եք, ընկերներ եք, հանրություն եք, ու երևի պետք է լինելու այլ միջոցներ կիրառել այդ համախմբվածությունը զգալու համար: Օրինակ՝ երգեր կլինեն, որ խումբը միասին կերգի, որտեղ կարևոր չի լինի հեռավորությունը, որում իրենք գտնվում են, կարելի է խմբերը կիսել փոքր մասերի, եթե 20 հոգի են լինելու, 5-5 հոգանոց խմբերի բաժանեն, որտեղ ամեն խումբը կունենա իր անվանումը, իր կարգախոսը, և ազատ ժամանակ կարողանան իրենց հատուկ երգով հանդես գալ, գործունեություն իրականացնել, որի ընթացքում ընդհանուր արդյունք կտան, գոնե այդպես այդ մեկուսացվածության կամ տարանջատվածության զգացումը կկարողանան հաղթահարել, բայց էլի եմ ասում, շեշտը, թե՛ ծնողը, թե՛ մանկավարժը, պետք է դնեն նրա վրա, որ այդ հեռավորությունը սոցիալական չէ, հոգեբանական չէ, ընդամենը ֆիզիկական է: Ռիսկային խմբում ինձ համար տարրական դասարանների աշակերտներն են, քանի որ դպրոցում երեխաներն արդեն սովորել են նստել տարբեր նստարանների, և այլն, մանկապարտեզային միջավայրից եկած երեխաների համար մի քիչ ավելի բարդ կլինի, որովհետև մանկապարտեզներում ո՞նց է՝ խալու վրա միասին նստել խաղալը և այլն, հեռավորություն պահելու գաղափարը չի եղել: Շատ անհատական է անդրադառնալու, պետք է հիշենք, որ չի լինելու մի միջավայր, որը բոլոր երեխաների համար հեշտ հարմարման նպաստող է լինելու, ամեն մեկին իր անհատական կարողությունների, ընդունակությունների, յուրահատկությունների, նույնիսկ իր անհատական նյարդային համակարգի գործունեության տեսակին համապատասխան՝ կամ դժվար է լինելու, կամ հեշտ»,- ասաց հոգեբանը:
Դպրոցում դասարանի ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը
«Եթե հիմա պատերազմական իրավիճակ լիներ, կարծում եմ, որևէ մեկը չէր ասելու՝ չգնանք թաքստոցում դաս անենք, որովհետև այնտեղ հարմար չէ, մութ է, խոնավ է, հաշվելու ենք, որ դա է պայմանը: Պետք է հիմա ընդունենք ու հասկանանք, թե նպաըակը ո՞րն է, ինչո՞ւ թույլ չեմ տալիս միանշանակ ասել՝ շատ վատ է, որ դիմակով է, որովհետև ես չգիտեմ՝ բժշկական առումով սա արդարացվա՞ծ է: Քննադատելն ամենահեշտ բանն է, բայց սա հիմա համ ծնողի վիճակն է բարդացնում, համ երեխաների, համ մանկավարժների»,- ասաց Նարինե Աբրահամյան-Թովմասյանը:
Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ
Դպրոցում ուսումնական գործընթացի ժամանակ սովորողների միջև հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները
«Շատ կարևոր է, թե ինչքան ժամանակ է երեխան այդտեղ մնում, վստահ եմ, որ գոնե օդափոխություն անելու են, երեխան նստած տեղում չի մնալու, վեր է կենալու և նորից վերադառնա նստի, սա ինչ-որ ձևով կհարթեցնի այս իրավիճակը:
Մենք շատ կարևոր ենք համարում դպրոցում ընկերական միջավայր ձեռք բերելը, բայց այնուամենայնիվ, դպրոցը միայն դրական շփումների արդյունք չէ, մենք ունենք երևույթներ, երբ երեխաներին նեղացնում են, ձեռք են առնում, վիրավորում են, և այլն: Դպրոցն այս իրավիճակում սկսելու է կրել միայն 1 ֆունկցիա՝ ինֆորմացիա ստանալու միջոց, ինքն իր պլյուսներն էլ է ունենալու, մինուսներն էլ»,- ասաց հոգեբանը:
Սովորողները դասին մասնակցում են տեղից
Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է
«Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ չափորոշիչը մտավ, ի՞նչ պետք է լինի, եթե երեխան մոտենա գրատախտակին և դասը պատասխանի: Իհարկե, պետք է, որ իրենք սովորեն բոլորի առջև կանգնել ու ելույթ ունենալ, լիքը աշակերտների համար դա կլինի մի հատ դժվարությունը հաղթահարելու ձև, որովհետև ցանկացած հոգեբանի որ հարցնեք, ինքը հաստատ ունի այցելուներ, որոնք կարողանում են դասը սովորել, բայց չեն կարողանում պատասխանել, ինչ է թե՝ գնում են գրատախտակի մոտ: Սա կլինի որոշակի աջակցություն ինքնամփոփ, բարդույթավորված երեխաների համար, այս իրավիճակում երևի որոշակիորեն իրենք կշահեն»,- ասաց հոգեբանը:
Հարցին՝ արդյոք չկա՞ մտավախություն, որ ավելի ակտիվ աշակերտներն էլ այդպես հետ կվարժվեն, մասնագետը պատասխանեց.
«Չեն քաշվի, ուղղակի իրենց ամբիցիաները մի քիչ կնվազեն կամ ամբիցիաները չեն բավարարվի, իրենք կգտնեն այլ ոլորտ այդ ամբիցիաները բավարարելու»:
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները
«Կարևորը, որ գրավոր աշխատանքները չվերացնեն: Էլի ոչ մի ահավոր բան չեմ տեսնում այդտեղ, կարևորը, որ աշխատանքն ինչ-որ ձևով վերադարձվի աշակերտին՝ ինքը տեսնի, ու շատ կարևոր է, որ գրավոր աշխատանք արվի, որովհետև ուղեղի աշխատանքն է զարգանում դրանով»,- ասաց հոգեբանը:
Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների, կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը
«Էլի ընդհանրության ոգին չի լինելու, ինչպես դասարանների պարագայում նշեցի: Եթե շատ խորանանք, այս ամենի բացասական կողմն այն է լինելու, որ մարդիկ ավելի ընդգծված, չասեմ՝ մենակ, բայց անհատականացված են լինելու, ընկերական խումբն է գուցե վերանալու կամ գոնե թուլանալու: Մի ուրիշ բան էլ կա, երբ դրա պակասը շատ զգացվի, գուցե երեխաներն ուրիշ ձևեր փորձեն, որևէ մեկը չի արգելելու, չէ՞, երեխաներին՝ դպրոցից հետո հանդիպեն բակերում, և այլն: Ինձ համար մի քիչ արհեստական խոչընդոտ է, որովհետև հիմա էլ գնում եմ խաղահրապարակ և տեսնում եմ բազմաթիվ երեխաների»,- ասաց հոգեբանը:
Մասնագետի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի ուղեցույցն ուսումնասիրելուց հետո իր համար 2 բան է ֆիքսել.
«Առաջինն այն է, որ սա հնարավորություն է ամբողջությամբ կենտրոնանալ միմիայն կրթական պրոցեսի վրա, որովհետև հուզական տարրը դուրս է մնալու նման ուսուցման ժամանակ, այսինքն՝ երեխաները չեն ունենալու միջանձնային կոնֆլիկտներ, խմբին հատուկ հարաբերություններ: Ի՞նչ վտանգ եմ տեսնում՝ կարծես թե հասարակությունն ամեն ձևով մեզ այդ ճանապարհով է տանում, երևի նպատակ է, որովհետև միշտ անհատներին վերահսկելը, անհատների վրա ազդեցություն ունենալն ավելի հեշտ է, ոչ թե անհատներին՝ որպես անհատականություն, այլ մարդիկ, որոնք տարանջատված են իրարից, քան համախմբված, ընդհանուր գաղափար ունեցող մարդկանց վրա: Այստեղ ոնց որ թե դա է կոտրվելու, այդ համընդհանրության զգացումն է մի քիչ թուլանալու, թուլանալու է թիմային ոգին, ընդհանուր կոլեկտիվին բնորոշ պահանջմունքներն ու հակումները, նպատակները, բայց հնարավոր է՝ ուժեղանա կրթականը»,- ասաց նա:
Հոգեբանի խոսքով՝ հնարավոր է՝ հետագայում երեխաների մոտ կոլեկտիվում աշխատելու խնդիրներ առաջանան:
«Ես շատ դժվար եմ պատկերացնում՝ արտադպրոցական հաստատություններ հաճախելը ո՞նց է լինելու, կամ ծնողների մոտ եթե այդ վախն ու անհանգստությունը լինելու է, երեխաները դասից հետո հնարավորություն ունենալո՞ւ են ուրիշ երեխաների հետ շփվեն: Կարծում եմ՝ հետագայում շփման և հաղորդակցության խնդիրներ կարող են լինել՝ կոլեկտիվում աշխատելու, մեծ միջավայրերում, մարդաշատ տեղերում հարմարվելու հետ կապված կարող են խնդիրներ ունենալ, բայց էլի եմ ասում՝ սա շատ անհատական է, ու չի կարելի ասել, որ բոլոր երեխաների մոտ նման հետևանքներ են լինելու»,- եզրափակեց մասնագետը: