«Դա կլիներ կրակոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա». Սերժ Սարգսյան

«Որպեսզի ամբողջովին հասկանալի լինի իմ հայտարարության նպատակը, հիշեցնեմ, որ այդ հայտարարությունը հնչել է քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016թ. Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում: Իրոք, այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց, առաջին հերթին, այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր.

«Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա: Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերվում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է: Շնորհակալ եմ»:

Սերժ Սարգսյանն այսօր իր ասածը վերծանեց դիվանագիտական լեզվով. «Իմ ասածը հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը: Շատ պարզ բան էր: Բայց ուզում եմ ավելացնել՝ կապված 80-ականների զենք հասկացության հետ. դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե կա՞ այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք: Եթե կգտնեք մի այդպիսի բանակ՝ ամենաժամանակակից բանակների թվում, ես կհայտարարեմ, որ այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում: Նույնիսկ այսօր ոչ միայն մեր Զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող Զինված ուժերում: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, ուղղակի փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են: Մեր բանակի ու նաև շատ-շատ բանակների սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են նույնիսկ 40-ականների, 50-ականների զենքեր: Սա է ողջ ճշմարտությունը: Եթե կցանկանաք ավելի մանրամասն, ապա ես պատրաստ եմ օրինակներ բերել ԱՄՆ ԶՈւ սպառազինությունից, Իսրայելի և մյուս երկրների սպառազինությունից: Ես կարծում եմ, որ այդ շահարկումները քաղաքական նպատակներով էին, և միգուցե թեմային չտիրապետելն էր պատճառը»:

Հարցին, թե ինչո՞ւ 2016թ. «Իսկանդերը» չկրակեց, նա պատասխանեց. «Որովհետև քառօրյա պատերազմը, առաջին հերթին, լայնածավալ պատերազմ չէր: Քառօրյան լայնածավալ ռազմական գործողություններ էին, և եթե մենք այդ ժամանակ օգտագործեինք «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա: «Իսկանդերը» շատ հզոր զենք է, և «Իսկանդերի» առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ: Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»:

Տեսանյութեր

Լրահոս