Թուրքիայում սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված աղջիկը ինքնասպանություն է գործել
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում թուրք սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված 18-ամյա աղջիկը հուլիսի 16-ին ինքնասպանության փորձ էր կատարել: Սակայն երկարատև բուժումից հետո նա մահացել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա ընտանիքին նամակ էր թողել, որում պատմել էր եղելությունը: Ըստ այդմ` բերման էր ենթարկվել թուրք սերժանտ Մուսա Օրհանը: Սակայն վերջինս իր տված խոստովանական ցուցմունքում հերքել էր կատարվածը և ազատ արձակվել` երկրից չբացակայելու ստորագրությամբ:
Մահացածի հարազատները դիմել են Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Բաթմանի մասնաճյուղ: Նշյալ կառույցն էլ դիմում է ներկայացրել Սիիրթի հանրապետական գլխավոր դատախազություն, պաշտպանության նախարարություն և մեջլիսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին` պահանջելով տեղեկություն տրամադրել գործի քննության և դեպքի վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Ֆելեքնաս Ուջան սերժանտի ազատ արձակման հարցը տեղափոխել է խորհրդարանի օրակարգ և հարցադիմում ներկայացրել` ակնկալելով Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիթ Գյուլի պատասխանը: