Մահացել է Արտաշես Ղահրիյանը
Կյանքից հեռացել է արձակագիր, բանաստեղծ Արտաշես Ղահրիյանը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:
Նա գրել է. «Մեզնից հեռացավ ազնիվ ու մաքրամաքուր մտավորականներից մեկը՝ գրող, գողտրիկ ստեղծագործությունների հեղինակ Արտաշես Ղահրիյանը։ Համբերություն նրա որդուն՝ հայտնի լրագրող Հայկազն Ղահրիյանին, հարազատներին ու բարեկամներին, գրողի վաստակը գնահատողներին»:
Արտաշես Ղահրիյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում արհեստավորի ընտանիքում։ Ղահրիյանն Արցախում հայտնի Աշուղ Առուստամի ծոռն է։ 1956 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ապա որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ Եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրության գրական աշխատողներից։
1993 թվականին վերադարձել է ծննդավայր։ Ստեփանակերտում լույս են տեսել նրա «Լեռան հուշ» պատմվածքների և «Թախծոտ մեղեդի» բանաստեղծությունների գրքերը։
Բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։
Հայտնի են «Տոհմականչ», «Պատրանք», «Լեռան հուշ», «Թախծոտ մեղեդի», «Ինքնազրույց» երկերը: