«Լավագույն դեպքում ստուգվել են քաղաքական հայացքները, իսկ ավելի հավանական է, որ սա ԿԳՄՍ-ի հերթական խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհի օպերացիան է»․ Գևորգ Էմին–Տերյան
Գևորգ Էմին–Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չափորոշիչների բովանդակության մասին չափազանց շատ խոսվեց, շատ հիմնավոր վերլուծություններ ու քննադատություններ եղան․ այս, ինչպես նաև այն պատճառով, որ իբրև թե չափորոշիչները տարել են բովանդակային վերափոխման, բուն տեքստի բովանդակության մասին խոսելն առայժմ իմաստ չունի։ Բայց կան մի քանի խնդիրներ, որոնց վրա ուզում եմ հրավիրել ընկերներիս, գործընկերներիս և հանրության ուշադրությունը։
1. Ակնհայտ է, որ չափորոշիչները գրող խումբն ունի կոմպետենտության խնդիր։ Նախ՝ շատ ծիծաղելի է, որ չորս ուսուցչուհի և մեկ գրող-գրականագետ իրենց համարում են հայերենի, հայ դասական գրականության, ժամանակակից հայ գրականության և համաշխարհային գրականության այնպիսի մասնագետներ, որ կարող են, ըստ էության, հայեցակարգեր մշակել այս չորս գիտակարգերի համար։ Սրա արդյունքն այն է, որ եթե նկատել եք, գրականության ցանկերը վերցված էին «Գրանիշ» կայքից, գրողների ֆեյսբուքյան էջերից և 90-ականների «Համաշխարհային գրականություն» դասագրքից։
Ես վստահ եմ, որ ԿԳՄՍ կազմակերպած մրցույթը բովանդակային ստուգման մաս չի ունեցել, որովհետև ԿԳՄՍ-ում չկա այնպիսի մարդ, որը կկարողանար գիտելիք ստուգել․ լավագույն դեպքում ստուգվել են քաղաքական հայացքները, իսկ ավելի հավանական է, որ սա ԿԳՄՍ-ի հերթական խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհի օպերացիան է։ Հետևաբար, մենք գործ ունենք չափազանց մակերեսային գիտելիքներ ունեցող մասնագետների հետ։ Հարգելի հեղինակներ, եթե գրածս բողոք առաջացնի ձեր մեջ, առաջարկում եմ գիտելիքների հրապարակային և փոխադարձ ստուգում իրականացնել։
2. Քանի դեռ չկա Հայ գրականության փիլիսոփայություն, ինչպես նաև հետազոտական հիմք, հնարավոր չէ ուսումնական ծրագրերի ու դասագրքերի համապարփակ վերափոխում իրականացնել։ Հատկապես այս հանձնախմբի անդամները չեն կարող հիմնավորել, թե ինչու կան այս հեղինակների այս գործերը և ինչու է պետք այսքան դասաժամ հատկացնել նրանց։ Իսկ սա նշանակում է, որ լավագույն դեպքում կարելի է կոսմետիկ փոփոխություններ անել, և երկրորդ՝ մենք մտնում ենք երկարատև քաոսի փուլ, որովհետև փոփոխություն իրականացնողները ոչինչ չի կարողանալու հիմնավորել։
3. Խմբի անդամներից մեկը գրել էր, որ մեկ տարվա աշխատանքի համար ինքը ստացել է մոտ 400 հազար դրամ։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չորս գիտակարգի ընդհանրական հայեցակարգի համար պատրաստ է վճարել երկու միլիոն դրամ՝ նախարարի կես ամսվա աշխատավարձը (1,5 միլիոն աշխատավարձ + 1,5 միլիոն պարգևավճար)։ Նման դեպքերում ասում են՝ ինչպիսին աշխատավարձն է, այնպիսին էլ բանաններն են։
4. Նման լուրջ նախաձեռնության համար ԿԳՄՍ-ի կայքում մրցույթի հայտարարություն տեղադրելը, մեղմ ասած, ծիծաղելի է։ Սա նշանակում է, որ ԿԳՄՍ-ում նախապես որոշած են եղել, թե ով պետք է ընդգրկվի այդ խմբում։ Նման նախաձեռնության համար մրցույթն արդեն հիմարություն է, որովհետև նման բան անելու կարողություն ունեցող մարդիկ Հայաստանում շատ քիչ են։
5. Ինձ համար շատ տարակուսելի է, թե ինչու նման կարևոր նախաձեռնությունը չարժանացավ «պրեզենտացիաների» և «լայվերի»։ Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ կազմակերպիչները գիտեին, որ այնքան էլ լավ բան չեն արել։
6. Մյուս տարակուսանքս այն է, որ ԿԳՄՍ ղեկավարությունը չգիտի, թե ինքը ինչ է ղեկավարում։ Միայն Հայ գրականության չափորոշիչների համար ԿԳՄՍ-ն պետք է ներգերատեսչական քննարկում կազմակերպեր Գրականության ինստիտուտի, ԵՊՀ, Մանկավարժական և Վանաձորի համալսարանների ամբիոնների մասնակցությամբ, սակայն դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև արվել է ճիշտ հակառակը․ Համաշխարհային պատմություն առարկայի չափորոշիչները մշակողներին արգելվել է քննարկումը ԵՊՀ համապատասխան ամբիոնում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը դատապարտված է ձախողման, քանի որ չկա փոխադարձ վստահություն։
7. Եվ վերջում, ԿԳՄՍ-ի այս հերթական խայտառակությունը իրականում դավաճանություն է այն բոլոր մասնագետների հանդեպ, որոնք ուզում են բարեփոխումներ։
Հ․Գ․ Սիրելի Գրիգ, մի կործանիր ինքդ քեզ, որովհետև ստանձնել ես մի բան, որի տակից չես կարող դուրս գալ։ Կամ պատմվածք գրիր, կամ Լյուսի Քոչարյանին՝ անանուն նամակ»։
Չափորոշիչների բովանդակության մասին չափազանց շատ խոսվեց, շատ հիմնավոր վերլուծություններ ու քննադատություններ եղան․ այս,…
Gepostet von Գևորգ Էմին-Տերյան am Dienstag, 28. Juli 2020