Վստահ եղեք՝ ուժեղ Հայաստան լինելու է, մեր նպատակներն իրականություն ենք դարձնելու. Ֆարմանյան

Ուժեղ Հայաստանը կարող է կառուցվել ուժեղ տնտեսության վրա, իսկ ուժեղ տնտեսություն ունենում են հիմնականում այն երկրները, որտեղ կան ներդրումներ։ Այսօր ներդրումները և կապիտալը հիմնականում տեղաշարժվում են այն երկրներ, որտեղ արդեն կա կապիտալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին հայտարարեց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

«Ներդրումները տեղաշարժվում են այնտեղ, որտեղ առաջին հերթին պաշտպանված է սեփականության իրավունքը, պետությունը հանդիսանում է որպես գործընկեր, ոչ թե՝ խոչընդոտ, և հստակ են խաղի կանոնները։ Այս մրցավազքի պայմաններում ակնկալել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ՝ առնվազն իրատեսական չէ։ Այս պարագայում մենք նախևառաջ պետք է ապավինենք ներքին ներդրումներին, պետք է մեծ ուշադրություն դարձնենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից իրականացվելիք էմոցիոնալ ներդրումներին։

Դա նշանակում է, որ այդ ներդրումները կարող են պայմանավորված լինել նաև հայրենասիրական մղումներով։ Այդ ճանապարհով մենք կարող ենք ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը հետագայում հիմք կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար»,-ասաց Հայկ Ֆարմանյանը։

Նա նշեց, թե երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։

«Պետական պարտքն օրեցօր ավելանում է։ Մեզ անհրաժեշտ է կայուն կառավարելիություն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, իսկ դրան կարող ենք հասնել բացառապես տնտեսությունը վերակառուցելով, այլ ոչ թե մնալով ներմուծումից կախված տնտեսություն։ Պետք է ստեղծենք այնպիսի ընկերություններ, որոնք կապահովեն բարձր ավելացած արժեք, պետք է զարգանան բարձր տեխնոլոգիական ճյուղերը։ Սրանք իրականություն դարձող նպատակներ են, որոնք մենք իրականացնելու ենք»,-ասաց Հայկ Ֆարմանյանը։

Տեսանյութեր

Լրահոս