Հարավային Կորեայի դատարանը ՆԳ նախկին նախարարին դատապարտել է 7 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի դատարանը փետրվարի 12-ին ներքին գործերի նախկին նախարար Լի Սանգ-մինին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ նախկին նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից 2024 թվականի դեկտեմբերին երկրում ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձին իր մասնակցության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 61-ամյա Լիին մեղավոր է ճանաչել ապստամբությանը մասնակցելու մեջ՝ ոստիկանությանը և հրշեջներին լրատվամիջոցների էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը անջատելու հրահանգներ փոխանցելու համար: Դատավորը նրան նաև մեղավոր է ճանաչել սուտ վկայություն տալու մեջ:
«Կառավարությանը քննադատող լրատվամիջոցների դեմ ֆիզիկական ուժի կիրառումը թուլացնում է ապստամբության նկատմամբ հասարակության դիմադրությունը, ինչը հեշտացնում է դավադրության իրականացումը», – ասել է դատավոր Ռյու Կյոնգ-ջինը։
Լին կալանքի տակ է օգոստոսից։
Նա դարձել է Յունի կաբինետի երկրորդ անդամը, որը դատապարտվել է ռազմական դրություն հայտարարելու գործում իր դերակատարման համար։ Հունվարին երկրի նախկին վարչապետ Հան Դակ-սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։



