Բաժիններ՝

Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխու­թյունը

Ավարտվել են 2020-2021թթ. Ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Բուհական ընդունելության միասնա­կան քննություններին մասնակցել է շուրջ 12 000 դիմորդ: Նրանցից մոտ 700-ը արժանանալով համեմատաբար բարձր միավորների զրկվել է (պայմանավորված բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահեր­թությամբ բարձրագույն կրթություն ստանալու իրենց իրավունքից:

ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ կառա­վարությանը ներկայացրած «Պետական և ոչ պետական բարձ­րա­­գույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելու­թյան (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգը» հաստատվել է 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ, որը ՀՀ վարչապետը ստորագրել է մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել մայիսի 26-ին:

Բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման գործըն­թացը սկսվել է մայիսի 25-ից, ինչը վկայում է, որ հենց մայիսի 25-ին փաստաթղթերը հանձնած դիմորդները փաստացի իրազեկ­ված չեն եղել ընդունելության կարգի փոփոխության մասին: Միևնույն ժամանակ, dimord.am-ում տեղադրված խիստ ընդհանրական ուղեցույց տեսանյութի և հանրային սահմանափակ հաղորդակցու­թյան միջոցով անհրաժեշտ մանրամասներով իրազե­կում չստացած դի­մորդ­­ները դիմում-հայտում իրականում մեքենայորեն են կատարել պահանջ­վող նշումը՝ «ծանոթ եմ ընդունե­լության կարգին»։ Ստացվել է, որ դրանով նրանք ակամա հավաստել են իրենց համաձայնությունը արդեն փոփոխված կարգին, չնայած այն հանգամանքին, որ այդ բավականին ծավալուն փաստաթղթին անգամ ոլորտի պատաս­խանա­տու­ներից շատերը հստակ ծանոթ չեն եղել: Ի լրումն, առկա արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները նկատելի նվազեց­րել են դիմորդների միջև հնա­րավոր անմիջական շփումները և համապա­տաս­խան տեղեկատվությունը միմյանց փոխանցելու եւ տարածելու հնարավորությունները, ինչը պակաս արդյունավետ է դարձրել դիմորդների դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը մինչ փաստաթղթերի ընդուն­ման ավարտը՝ հունիսի 15-ը:

Միևնույն ժամանակ, մայիսի 25-ից արդեն հայտնի է եղել, որ դիմորդները հանձնելու են ընդունելության քննություն մեկ առարկայից, նախկին 2-3 քննության փոխարեն, հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները:

Իսկ, որ ամենակարևորն է՝ համաձայն գործող կարգի հոդված 58-ի, մասնագիտություն­ների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագի­տու­թյան՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայու­թյամբ:

Տարիներ շարունակ գործող նախկին կարգի հոդված 93-ի համաձայն՝ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտագրված մասնագիտության գերակայությամբ և հոդված 94-ի. առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատաս­խան:

Փաստորեն, այս տարվա ընդունելության քննությունները ընթացել են օրենքի խախտմամբ և առանց պատշաճ իրազեկման, ինչը առաջացրել է դիմորդների և նրանց ծնողների ցասումն ու դժգոհությունը: Բուհական ընդունելության միասնա­կան քննություններին մասնակցած դիմորդները չեն կարողացել դրսևո­րել իրենց ողջ ներուժը: Նախօրոք տեղյակ չլինելով փոփոխվող կարգի մասին, պատրաստվել են 2-3 քննության, որը լրացուցիչ ժամանակ և ռեսուրս է պահանջել և´ դիմորդներից, և´ նրանց ծնողներից: Սա ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների վրա:

Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխու­թյունը (այն էլ օրենքի խախտմամբ), որի հետևանք­ների մասին փոփոխություն կատարողները ընդհանրապես չեն էլ անհանգստացել: Նախարարն իր ելույթում նշեց, որ գերազանց ստացած դիմորդներից 6-ից 4-ի համար գտնվել են խնդրի լուծման երկկողմանի ընդունելի տարբերակներ, ինչը դրական է, սակայն ստեղծված բարդ իրավիճակը կարգա­վորե­լու համար բավարար չէ:

Անթույլատրելի է դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանու­թյան անհամաչափ ուժի կիրառումը: Անընդունելի է, նաև երբ կառավարությունն արտակարգ դրության իրավիճակն օգտագործելով՝ օրենքի խախտմամբ ընդունելության կարգ և քննությունների ցանկ է փոխում, և այդ նույն արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքների սահմանափակման պատճառաբանմամբ, լռեցնում է բողոքի մասնակիցներին՝ բերման ենթարկելով:

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը, ԿԳՄՍ նախարարության կողմից թույլ տրված սխալներն ու օրենքի խախտումները, անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների՝ համապատասխան մասնագիտությունների գծով, վճարովի հիմունքներով տեղեր ավելացնելով:

Նունե Ամիրյան

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս