Հրետակոծությունից տուժած Տավուշի գյուղերում վերականգնողական աշխատանքները բուռն փուլում են
Ադրբեջանի հրետակոծություններից տուժած Տավուշի սահմանամերձ գյուղերում վերականգնողական աշխատանքները բուռն փուլում են, հաշվարկներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, և մի քանի տներ ևս կմտնեն վերանորոգման փուլ: Բեդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի փոքրիկ տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այսօրվա այցի նպատակն է սահմանամերձ գյուղերում, որոնք հրետակոծություններից տուժել են, կրկին ուսումնասիրել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Մենք, որքան հնարավոր է, դիտարկում ենք նաև առավել անվտանգ տարածքներ՝ բնակարանաշինական ծրագրերի հետ կապված »,-ասել է մարզպետը:
Նա աշխատանքի արդյունքները բարձր է գնահատում: «Ինչ խնդիր դրել էինք մեր առջև, լուծեցինք, աշխատանքներն ընթանում են իրենց բուռն ընթացքով: Մենք ամեն օր կունենանք ևս մի քանի բնակարանի վերջնական հաշվարկ, և այդ բնակարանները, տները ևս կմտնեն վերանորոգման փուլ»,-նշել է Չոբանյանը:
Այս պահի դրությամբ կան մի շարք ծրագեր՝ կապված գյուղերի խմելու ջրի մատակարարման հետ: Այս պահին խմելու ջրամատակարարման ծրագիր է իրականացվում Պառավաքարում, Չինչին գյուղում, շուտով կհայտարարվեն նաև Տավուշ, Այգեպար և Չորաթան գյուղերի խմելու ջրամատակարարման մրցույթները: Արդեն հայտարարվել է և շուտով կավարտվի նաև Մովսես գյուղի ջրամատակարարման մրցույթը: «Վերջերս ավարտվեց Մովսես գյուղի ճանապարհի շինարարությունը, դրանից առաջ ավարտվել էր Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի շինարարությունը: Հիմա սկսվում է Այգեպար գյուղի ներսի ճանապարհների ասֆալտապատումը, Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհների ասֆալտապատումը: Իրականացվել են մեծ ծավալով լուսավորության ծրագրեր: Կարծում եմ, որ առաջիկա մեկ տարվա մեջ համայնքը դառնալու է շինարարական հրապարակ»,-հավելեց մարզպետը: