ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշումներ է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ։
«ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել էին գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս իրենց լիազորություններն ամրագրող կարգավորումների սահմանադրականության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելը մերժել էր, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ քննության ընդունելուց հետո գործի վարույթը 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճել էր։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշմամբ, հաշվի առնելով մի կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտվածիրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումները, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում փաստել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։
Նշված իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, նշված որոշմամբ արձանագրվել է, որ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ։
Դատական ակտը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ datalex.am, գործի համարը՝ ԵԴ/0426/11/18»,– ասված է հաղորդագրության մեջ։