ՀՖՖ նախագահին ընտրողները հեռացվել են՝ կլինի՞ նոր ընտրություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայկական ֆուտբոլում կրքերը չեն հանդարտվում. դեռ անցած տարվա դեկտեմբերին կայացած ՀՖՖ նախագահի ու գործկոմի արտահերթ ընտրություններում հաղթեց «իշխանական թեկնածուն»՝ Արմեն Մելիքբեկյանը, ինչը հնարավոր դարձավ ընտրելու իրավունք ունեցող կազմակերպությունների թվի զգալի կրճատման արդյունքում։ Իշխանությունն այնպես արեց, որ «Լոռի» ՖԱ տնօրեն Թովմաս Գրիգորյանի ձայները նվազեն՝ ընտրություններից անմիջապես առաջ ՀՖՖ ընդհանուր ժողովի կազմից հանելով, այսպես կոչված, ֆեյք-ակումբները, որոնք պատրաստվում էին ընտրել Թ․ Գրիգորյանին։ Արդյունքում արձանագրվեց 13։7 հարաբերակցություն՝ հօգուտ Մելիքբեկյանի, 3 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր:

Հիմա կարծես թե իրավիճակը կրկնվում է, այս անգամ՝ Արմեն Մելիքբեկյանի շուրջ։ Մելիքբեկյանն ՈՒԵՖԱ-ի եւ ֆուտբոլային հանրության ճնշման տակ վերջերս ստիպված եղավ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբում հանդես եկող մի շարք թիմերի գործունեությունը՝ ֆուտբոլային խարդախությունների՝ պայմանավորված խաղերի մեջ ներքաշված լինելու մեղադրանքով։ Սակայն պետք է նշել նաեւ, որ չի դադարեցվել մի շարք այլ ակումբների գործունեությունը, որոնք նույնպես ներգրավված են նշված խարդախություններում։ Մելիքբեկյանը փորձել է պահպանել իրեն հավատարիմ ակումբներին, որ դրանք մնան եւ շարունակեն ֆեդերացիայի ժողովում ձայնի իրավունք ունենալ։

Բայց անգամ դա էլ չէ խնդիրը, այլ այն, որ այսօր ակնհայտ է դառնում, որ Արմեն Մելիքբեկյանին ընտրել են նաեւ այսօր հեռացված ակումբները, եւ ստացվում է, որ ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությանը մասնակցած թիմերի մոտ 30 տոկոսը մեղադրվում է ոչ ֆուտբոլային վարքի համար (պայմանավորված խաղեր եւ այլն)։ Իսկ դա նշանակում է, որ ի սկզբանե այդ թիմերի մասին իմանալով՝ նրանց ֆեդերացիայի ժողովի կազմում ընդգրկելն արդեն իսկ հակաֆուտբոլային է, եւ այսօր պետք են նոր ընտրություններ։ Ինչը եւ պահանջում է ՀՖՖ ոչ իշխանական թեւը, որը պնդում է, որ պետք է կատարվեն ֆեդերացիայի ժողովի անդամների նոր զտումներ։

Ի դեպ, ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ հայկական 1-ին լիգային թիմերի վարքի մասին ֆեդերացիայում իմացել են դեռ անցած տարվանից, տվյալներ է ուղարկել նաեւ ՈՒԵՖԱ-ն, բայց քանի որ, ըստ ամենայնի, նրանք խոստացել են ձայն տալ Արմեն Մելիքբեկյանին, ՈՒԵՖԱ-ի ուղարկած զգուշացումներին լուրջ չեն վերաբերվել: Մեր աղբյուրները պնդում են, որ թիմերի որոշ սեփականատերեր պատաստվում են հրապարակել ինչ-ինչ փաստեր ֆուտբոլի ֆեդերացիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մեզ ասացին, որ փաստերը ձայնագրությունների եւ նամակագրությունների տեսքով են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս