Իրանը մահապատժի է ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության եւ գեներալ Քասեմ Սուլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ հաղորդելու մեջ մեղադրվողին: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
Մահմուդ Մուսավի Մաջդը, որին նաեւ մեղադրել են իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին աշխատելու մեջ, մահապատժի Է ենթարկվել հուլիսի 20-ի առավոտյան:
Դատապարտյալի դեմ գործն սկսվել է դեռ մինչեւ Սուլեյմանիի զոհվելը եւ առնչություն չունի Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ ԱՄՆ-ի գործողության հետ:
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Բաղդադում իրականացրել է Սուլեյմանիի ոչնչացման գործողությունը: Ի պատասխան Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել իրաքյան ռազմակայանին, որտեղ բնակավորվել էին ամերիկացի զինծառայողներ: Սկզբում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավարությունը հայտարարել են, որ գնդակոծման հետեւանքով զոհեր չեն եղել: Այնուհետեւ զինվորականներն ստիպված են եղել խոստովանել, որ տուժածներ կան: Ընդ որում՝ նրանց թիվը մշտապես ավելացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: