Փաշինյանի «երկնային մանանան»
Համաշխարհային պանդեմիան, որը ողջ հանրության համար դարձել է իրական չարիք, շարունակում է դեռևս մնալ մարդկության համար չբացահայտված մի մահաբեր երևույթ, սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանում համավարակը դարձավ իշխող ռեժիմի համար բավականին փայլուն կերպով կիրառվող լուրջ գործիք։ Հենց վերջին չորս ամիսներին կորոնավիրուսն էր այն միակ «առիթը», որ հայաստանյան առօրյաներն ուժի կիրառմամբ անցնում են «խաղաղ»։
Չեմ ցանկանա՝ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ հայ հանրությունը չունի պատասխանատվություն և չի ընկալում առողջապահական այս ճգնաժամի լրջությունը, բայց հարցը կայանում է նրանում, որ իշխանությունների ու ոլորտի պատասխանատուների անփույթ ու փնթի վարքագծի պատճառով Հայաստանն այսօր անտիռեկորդներ է սահմանում և գտնվում է կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհի երկրների առաջատար հորիզոնականներում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ պետության չորս սահմաններից երկուսը փակ են, և չկա ոչ մի ռիսկ վարակի թափանցման հարցում։
Որքան էլ զարմանալի թվա, սակայն փաստացի այսօր կորոնավիրուսով վարակվելու շանսերն ամենուր են, և գործնականում հնարավոր չէ իրականացնել վերահսկողություն, և պատկան կառույցների կողմից հնչող հայտարարությունները, թե պետք է կիրառել այս կամ այն գործողությունը, որպեսզի խուսափես վարակման ռիսկից, իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Այսօրվա իրավիճակն այնպիսին է, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքից ելնելով՝ հերթական անգամ մեկ ամսով երկարացվեց ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրության ժամկետը, որից հետո խորհրդարանը պետք է մեկնի արձակուրդ։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ հարցականի տակ է մնում այն տարրական հարցապնդումը, ըստ որի՝ եթե կա արտակարգ դրություն ասված իրավիճակը, և երկրում ամեն ինչ ընթանում է ոչ սովորական հունով․ ինչպե՞ս է ստացվում, որ այս էքստրեմալ դրության առանցքը պտտվում է, ասենք, հավաքների և ցույցերի անցկացման դրվագի շուրջ և բառացիորեն ոչ մի այլ ոլորտի վրա ազդեցություն ու առնչություն չունի։
Մյուս փաստը, որը դարձյալ ուշադրության արժանի է, այն է, որ Փաշինյանն ու իշխանական էլիտայի մյուս ներկայացուցիչները հստակ գիտակցում են, որ նման երկարաձգումները հոյակապ առիթ են իրենց դիրքերն ամրացնելու և հակառակորդներին բառացիորեն լիկվիդացնելու համար, քանի որ, ինչպես ականատես ենք լինում վերջին 3-4 ամիսների ընթացքում, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ ոստիկանները «մաքրազարդում» են դեպքի վայրը՝ բացառապես «սոցիալական հեռավորություն չպահպանելու» և «պարետի որոշումը խախտելու» (թե իրականում որ որոշման մասին է խոսքը, այդպես էլ հանրայնորեն չեն ներկայացնում) պատրվակով։ Բոլորի համար լրիվ նորմալ ու ամենօրյա տեսարան է դարձել, երբ Փաշինյանին քննադատող կամ նրա կարծիքին ընդդիմացող որևէ քաղաքական գործիչ կամ ուժ, ով (ովքեր) փորձում է սեփական քաղաքական տեսակետը կամ օրակարգն առաջ քաշել, միանգամից «բլոկվում» է՝ երկրում հայտարարված «արտակարգ դրության» հայտնի լոլոյի հիմնավորմամբ։
Կորոնավիրուսյան «մանանան» հաճելի է Նիկոլի քիմքին նաև այն առումով, որ նա կարողանում է իր «վիրուսային մահակով» հանգիստ հարվածել ու քննադատել լրատվականներին ու պարսավել ազատ խոսքը՝ ամեն ինչում մեղավոր նշանակելով «նախորդ ռեժիմին սպասարկող մամուլին»։ Նման կերպ, իհարկե, հեշտ է խուսափել և պատասխանատվությունից, և ավելորդ գլխացավանքից, քանի որ միանշանակ հաճելի է, երբ դու իշխում ես ու հրամաններ կամ որոշումներ հրապարակում, սակայն պատասխանատվության պահին մեղավորի սլաքներն ուղղվում են տրամագծորեն հակադիր բևեռ։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե նա չունի մրցակից։ Եթե իշխանությունը գործում է ընդդիմության անկազմակերպ ու ցաքուցրիվ, կամ, որ նույնն է, սեպարատ առկայության պայմաններում, ապա, պարզ է, որ տեսականորեն անհնար է այդ իշխանության հեռացումը։