Բաժիններ՝

Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Տաթև Սուքիասյանը կարծում է, որ Միքայել Նալբանդյանի մշակութային ժառանգության թվայնացումը հավասարապես և՛ մշկութային, և՛ գիտական, և՛ կրթական նշանակություն ունի: Այն, լինելով մշակութային երևույթ, հասցեագրված է գիտնականին, ուսուցչին, ուսանողին և աշակերտին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուքիասյանն ասաց, որ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող այս ծրագրով ապահովվում է Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, այն ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, գրականագետի, հրապարակախոսի, հեղափոխականի կերպարը:

«Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ է ներկայացվում Նալբան­դյա­նի ամբողջա­կան գրա­կան ժա­ռան­գությունը՝ կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով: Նալբանդյանի գրավոր ողջ ժառանգության թվայնացումը մի քանի խնդիր է լուծում. ամբողջացվում է նրա գրավոր ողջ ժառանգությունը, Նալբանդյանով հետաքրքրվողին թույլ է տալիս համակարգչի էկրանի առջև նստած ունենալ այդ ամբողջական, հիմանարար նյութը: Այն հնարավորություն է տալիս ձեռքի տակ ունենալ Նալբանդյանի վերաբերյալ մինչ օրս եղած բազմաթիվ ուսումնասիրություններ, գիտական-հետազոտական նյութեր: Այսպիսով այսօրվա և վաղվա սերնդին փոխանցվում է Նալբանդյանի գրական, գիտական, քննադատական, հրապարակախոսական աշխարհայեցությունը»,-շեշտեց Սուքիասյանը:

Մասնագետն ընդգծեց, որ Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ մշակույթի ոլորտում վարած քաղաքականության առաջնահերթություններից. միտված է մշակութային, գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև հեռանկարային, և հասցեատերը այսօրվա և վաղվա մարդն է:

Նա հիշեցրեց, որ նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերից է իրականացնում դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային ձևաչափը: Մշակութային դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Այն ունի տարբեր ուղղություններ, որոնցից մեկն էլ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգն է:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություննրը, որոնք ուղղված են արվեստի, գրականության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության, պահպանման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանը:

Առաջանահերթությունը տրվում է նորարարական և հեռանկարային նախագծերին: Մրցութային յուրաքանչուր ուղղություն ունի հանձնաժողով, որին վերապահված է ներկայացված նախագծերի ուսումնասիրության և գնահատման գործառույթը:

Սուքիասյանի խոսքով՝ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային մրցութային ծրագիրը շարունակվում է. որոշ ծրագրեր, որոնք հանրային են, արտակարգ հանգամանքներով պայմանավորված ըստ հնարավորության իրականացվելու են առցանց: Երրորդ եռամսյակի մրցութաշրջանը նախտեսվում է հայտարարել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս