Բաժիններ՝

«Եղած մեթոդաբանությամբ, որով իրենք թեստավորում են, շատ դժվար է հասկանալ՝ մենք պիկն անցե՞լ ենք, թե՞ պիկին չենք հասել». Հովակիմ Զաքարյան

Երեկ միջազգային մամուլը, վկայակոչելով ԱՄՆ ամերիկյան վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաուչիի խոսքերը, մատնանշում էր, թե գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամ:

«Տվյալները ցույց են տալիս, որ գոյություն ունի մեկ մուտացիա, որը թույլ է տալիս վիրուսին ավելի արագ բազմապատկվել, և որը, հնարավոր է, նպաստում է վիրուսի ավելի մեծ կոնցենտրացիային»,- ասել էր Ֆաուչին՝ հավելելով, որ այս տեսակը կարող է ավելի վարակիչ լինել:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանելով կորոնավիրուսի շտամերի մասին տեղեկությունները, նշեց.

«Վիրուսի տարբեր շտամեր կան, տարբեր գենետիկական հիմքով, բայց մեկ է՝ ինչքան էլ շտամերը տարբեր լինեն (այս պահի դրությամբ երեք տարբեր գենետիկական գծեր են շրջանառվում), այդ տարբերություններն ահռելի մեծ չեն միմյանց միջև, հետևաբար՝ այդ տարբերությունները մեծ ներդրում չունեն վիրուսի և՛ տարածման, և՛ ախտաբանության տարբեր դրսևորումների վրա: Այսինքն, եթե մի վարակակիրը մահանում է, մյուսը չի մահանում, դա հիմնականում պայմանավորված չէ վիրուսի գենետիկական տարբերություններով, այլ մեր օրգանիզմների յուրահատկություններով: Վերջինից ելնելով՝ որոշ մարդիկ ծանր են տանում, որոշ մարդիկ՝ թեթև: Եվ չեմ էլ կարծում, որ մոտ ապագայում մի այնպիսի շտամ կսկսի շրջանառվել, որ իր վարքով, իր կենսաբանությամբ ահռելիորեն կտարբերվի մյուս եղած շտամերից»:

Հ. Զաքարյանից հետաքրքրվեցինք նաև, թե կանխատեսվո՞ւմ է արդյոք վիրուսի տարածման երկրորդ ալիք, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ «ալիքները» պայմանական ձևակերպումներ են.

«Այդ ալիքների վրա կենտրոնանալը որևէ ինֆորմատիվ բան չի տալիս. եթե դեպքերի նվազում է լինում, բայց երեք-չորս ամիս հետո դեպքերը չեն զրոյանում, բնականաբար, էլի կլինի հավանականություն, որ, եթե երկրում էլի վարակակիրներ լինեն, վարակն էլի կտարածվի: Ալիքը չի լինի միայն երկու պարագայում, եթե՝ կա՛մ բոլորն արդեն վարակվել են, և բոլորի մոտ կա իմունիտետ, ինչը շատ հավանական չի, որովհետև մենք գիտենք՝ առնվազն կան գիտական որոշակի արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ գոնե ասիմպտոմատիկ վարակված մարդկանց մոտ իմունիտետը շատ ավելի թույլ է ձևավորվում, քան ոչ ասիմպտոմատիկների մոտ,

Կա՛մ էլ երկրորդ տարբերակը, երբ բոլորին տոտալ կպատվաստեն, դա էլ առաջիկա մեկ տարվա մեջ քիչ հավանական եմ համարում, որովհետև դեռ ոչ պատվաստանյութ չկա, և երբ պատվաստանյութը կլինի, հաջողությամբ բոլոր փորձարկումները կանցնի, դրանից հետո դեռևս այդ պատվաստանյութն արտադրելու խնդիրը կառաջանա, որովհետև ոչ մի դեղագործական ընկերություն՝ առանձին վերցրած, ունակ չէ 6-7 միլիարդ պատվաստանյութ միանգամից, շատ կարճ ժամանակահատվածում ստեղծելու, արտադրական պրոցեսն էլ կտևի բավական երկար ժամանակ: Հետևաբար՝ առաջիկա մեկ տարվա մեջ ասել, որ բոլորը կպատվաստվեն-կպաշտպանվեն ու երկրորդ-երրորդ ալիք չի լինի, նույնպես այդքան էլ հիմնավորված չէ»:

Հարցին, թե այժմ համավարակի տարածման պայմանական ո՞ր փուլում ենք գտնվում՝ մոտեցե՞լ ենք պիկին, կամ գրանցել ենք պիկը և գնում ենք նվազմա՞ն, վիրուսաբանը պատասխանեց.

«Շատ դժվար է ասել՝ վերև՞ ենք բարձրանում, թե՞ կայունանում է, որովհետև մեզ մոտ ամեն օր տարբեր քանակի թեստավորումներ են լինում, դրա համար այդպիսի տատանումներ կան՝ մի օր 600 հոգի են գրանցում դրական, հաջորդ օրը՝ 400 հոգի. հիմա հնարավոր է՝ վաղը 3000 թեստ անեն և գրանցեն 1000 դեպք, այսինքն՝ եղած մեթոդաբանությամբ, որով իրենք թեստավորում են, շատ դժվար է հասկանալ՝ մենք պիկը անցե՞լ ենք, թե՞ պիկին չենք հասել, կամ ո՞ր էտապում ենք գտնվում: Ինֆորմացիոն տեսանկյունից ավելի պրոդուկտիվ է նայել, թե յուրաքանչյուր օր թեստավորված նմուշների քանի՞ տոկոսն է դրական եղել. առայժմ այդ դրական թեստերի տոկոսը դեռ բարձր է, եթե չեմ սխալվում՝ շուրջ երեսուն տոկոս: Ու այս էտապում ասել՝ անցել ենք պիկը կամ պիկին ենք մոտեցել, երևի շուտ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս