Հայ Եկեղեցու պատմություն առարկան պետք է մնա և դասավանդվի. այլընտրանք չի կարող լինել մեզ համար»․ Հայր Ասողիկ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը։ Բացի Հայոց լեզվի և գրականության ժամաքանակի նվազեցումից, քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում Հայ եկեղեցու պատմություն առարկայի համար առաջարկվող լուծման վերաբերյալ։

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում մեկնաբանել է վերջին օրերի քննարկումները՝ նշելով. «Մենք ընդհանուր առմամբ առարկայացանկի ձևավորման մոտեցումներն ենք փոխել: 5-րդ և 6-րդ դասարաններում ունենք որոշակի ինտեգրված առարկաներ, որոնց առարկայական ծրագրերն առաջիկայում կդրվեն քննարկման, և բոլորը հնարավորություն կունենան դրանց հետ ծանոթանալու: Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով: Այսինքն՝ 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների: Ընդ որում, ամեն դասարանում՝ իր տարիքային հոգեբանությամբ և ընդհանուր մանկավարժական մոտեցմամբ»:

Թեմայի շուրջ զրուցել ենք Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ։

Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով: Սակայն շատ կարծիքներ են հնչում այն մասին, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան վտանգված է։ Ինչի՞ց է գալիս այս մտավախությունը։

– Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է մնա և դասավանդվի. այլընտրանք չի կարող լինել մեզ համար: Տարիներ առաջ տարբեր գիտակ անձեր՝ մասնագետներ, այդ հարցը հիմնավորապես ուսումնասիրել են և վճիռ են կայացրել, դասագրքեր ու մեթոդաբանական ձեռնարկներ են ստեղծվել: Առարկան մատուցվել է, բացառապես սիրվել է և գրանցել է գերազանց արդյունք: Նման մոտեցումը՝ վարի դասարաններում հանելու, միացնելու, վերին դասարաններում կրկին առանձին դասավանդելու, այս անիմաստ քայլերն են հիմք ստեղծում, որ առարկայի հանդեպ կա խիստ բացասական վերաբերմունք, բայց քաջություն չկա խոստովանելու, որ հանում ենք, և վերջ: Եթե, իրավամբ, հանելու խնդիր չկա, այդ դեպքում այլ ձևաչափի խնդիր, առավել ևս, չի կարող լինել. այս ամենը հիշեցնում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հանձնաժողով ստեղծելու զավեշտը:

– Ո՞րն է առարկայի կարևորությունը, և այս տարիների ընթացքում ինչպիսի՞ խնդիրների լուծմանը հնարավոր եղավ հասնել առարկայի դասավանդման միջոցով։

– Հայորդին այս առարկայի միջոցով ճանաչում է իր ազգի հոգևոր էությունը, ինքնությունը, այդ էության կերտող ու պահպանող Հայոց եկեղեցուն՝ իր պատմությամբ, վարդապետությամբ, աստվածպաշտությամբ: Ճանաչում է իր Ազգային եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական գործունեությունը, բացահայտում է իր Եկեղեցու «հանդուրժող ներողամտության և լայնախոհ ազատամտության ոգին»: Ի վերջո, այս առարկայի հնոցում հայ երեխան կերտվում է՝ որպես բարոյական էակ: Այո, քանի որ մնացյալ բոլոր առարկաները երեխային մտավոր զարգացում են ապահովում, միայն այս առարկայի միջոցով է, որ անձը կերտվում է բարոյապես՝ քրիստոսավանդ բարոյականության վեմին է դրվում մատաղ հոգու կյանքը: Այս քանի տարիների շնորհիվ հազարավոր հայորդիներ ստացան այդ ամենը, նրանց սրտի և հոգու անդաստաններում սերմանվեցին ճշմարտության հատիկները. այսօր զգալի է կենդանի հավատքն ու աստվածպաշտությունը հենց երիտասարդության մեջ: Այս առարկան գալիս է հարություն տալու աթեիզմի բռնությամբ սպանված հայ հոգուն և ոգուն: Եվ այս խնդիրն առարկան սքանչելիորեն լուծել է՝ շնորհիվ Պետություն-Եկեղեցի համերաշխ գործակցության:

– Ո՞րն է Ձեր առաջարկը ԿԳՄՍ նախարարությանը։

– Իմ առաջարկն է, խնդրանքը, պահանջը, հորդորը, որ հանգիստ թողնեն այս առարկային, ձեռք չբարձրացնեն դրա վրա, քայլ չանեն: Թող մտածեն, թե ինչպես առարկայի դասավանդումը կատարելագործեն, ինչպես ապահովեն լավագույն մասնագետ-մանկավարժների, որպեսզի նրանք էլ առավել փայլուն արդյունքներ պարգևեն պետությանը, ազգին, եկեղեցուն: Այս առարկան մեր պետության պատվի հարցն է և հենց պետությանն է անհրաժեշտ. մնում է՝ պետական այրերն ունենան իմաստնություն, իրապաշտ հեռատեսություն և պատվով կրեն առաջին քրիստոնյա պետության անունն ու դրոշը:

– Երկար տարիներ առարկան դասավանդել են տարբեր առարկաների մասնագետներ։ Որքա՞ն հաճախ էր կապը պահվում Եկեղեցու հետ, եկեղեցականներն այցելո՞ւմ էին դպրոց, մասնակցում դասերի վարմանը։  

– Առարկան միշտ եղել է Եկեղեցու, Մայր Աթոռի ուշադրության ներքո: Այս առարկայի հանդեպ առանձնակի հոգածություն է դրսևորել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը, քանի որ հենց նա է ջանքեր գործադրել, որ այս առարկան վերադարձվի ազգին. նման առարկա ունենալու երազ են ունեցել վերջին դարում գահակալած մեր մեծ հայրապետները: Եվ, ահա, Հայոց Վեհը կյանքի կոչեց թե՛ իր, և թե՛ իր երջանկահիշատակ նախորդների երազը: Եվ բնական է, Եկեղեցին ամեն կերպ օժանդակել է պետությանը, որ առարկան կենսագործվի, չունենա որևէ կարիք, պարբերաբար վերապատրաստվել են ուսուցիչները, կազմակերպվել են սեմինարներ, գիտաժողովներ, օլիմպիադաներ, այցեր, հանդիպումներ. ազգը սիրել և սիրում է հենց այս առարկան: Արդ, պետք չէ անմիտ քայլեր անել, անպտուղ ձևաչափումներ: Հարկավոր է ստեղծված արժեքը պահպանել, առավել կատարելագործել: Լիահույս եմ, որ պետություն-եկեղեցի երկխոսությամբ այս մշուշը կցրվի, և մենք կշարունակենք ազգաշահ, հայրենանվեր միասնական երթը:

Տեսանյութեր

Լրահոս