Մարդն ինչպե՞ս կարող է իր մայրենի լեզվի նկատմամբ նման վերաբերմունք ունենալ․ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները՝ դասաժամերը նվազեցնելու մասին
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Հանրակրթության պետական չափորոշչի այս նախագիծը ստացել է դրական և բացասական արձագանքներ։ Ուսուցիչներից շատերին հետաքրքրում է, թե ինչո՞ւ են նվազեցրել հայոց լեզվի դասաժամերը։
Հանրակրթական հիմնական ծրագրերի ընդհանրական կառուցվածքը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝ դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։
Հանրակրթական հիմնական ծրագրերի ընդհանրական կառուցվածքում ուսումնական բնագավառներն են`
1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) ԲՏՃՄ
5) Արվեստ և արհեստ
6) Հասարակություն, հասարակական գիտություններ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն
Ներկայացվել է աղյուսակ, որտեղ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին և ավագ դպրոցներում կազմում է 33-38%։ Տարրական դպրոցում այն 23-28% է։ Օտար լեզուները ավագ դպրոցում՝ 9-14%, տարրականում՝ 10-15% են։
Իսկ ահա հայոց լեզվի և գրականության տոկոսներն առավել պակաս են։ Տարրական դպրոցում հայոց լեզվի և գրականության համար սաhմանվել է 15-20%, միջին դպրոցում՝ 10-15%, և ավագում՝ 9-14%։
Ըստ նախագծի՝ 1-6-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ներկայացվում են մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին։
Ուսուցիչները, սակայն, հայոց լեզվին տրամադրվող շաբաթական ժամաքանակի կրճատումն անթույլատրելի են համարում։
Նարինե Պողոսյանը, օրինակ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում գրառում էր կատարել՝ խնդրելով վերանայել հայերենի դասաժամերի կրճատման հիմնավորումը։
«Այլ դասաժամերի ընթացքում հնարավոր չէ գիտելիք ստանալ մայրենի առարկայից։ Հայերենը մեր մայրենին է, մենք դարեր ի վեր գոյատևել ենք լեզվի ու հավատքի շնորհիվ։ Որքանո՞վ է ճիշտ կրճատել լեզվի պահպանման ու զարգացման դասաժամը, այն լրացնել, օրինակ, բնագիտության դասին։ Կզարգանա բառապաշարը, իսկ քերականությո՞ւնը, ուղղագրությո՞ւնը, իսկ հայ հանճարների ստեղծագործությունների բացահայտումն ու վերլուծությո՞ւնը։ Այսօր շատ ուսուցիչների մտահոգության առիթ դարձավ այս հարցը։ Վստահ եմ, որ շատ են լինելու այս հարցի քննարկումները։ Առաջարկում եմ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ուսուցիչ, որպես մայրենի լեզվի կրող և տարածող՝ ավելացնել մայրենիի դասաժամերը բոլոր դասարաններում՝ հասցնելով շաբաթական 10 ժամի։ Դա կլինի հայապահպանման առաջին գլխավոր դրույթը»,- առաջարկել է Նարինե Պողոսյանը։
Անահիտ Ղուկասյանի կարծիքով էլ՝ լեզվի քերականությունն այնքան բարդ է, որ ժամերը շատ քիչ են աշակերտին այն լիարժեք ուսուցանելու համար. «Այսօր մեր առաջ լուրջ մարտահրավեր է դրված՝ ունենալ կիրթ և գրագետ սերունդ։ Առաջարկում եմ ավելացնել հայերենի ժամերի քանակը։ Դա պետք է և՛ աշակերտին, և՛ ուսուցչին»։
Ավշարի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը ևս դեմ է հայոց լեզվին տրամադրվող շաբաթական ժամաքանակի կրճատմանը։
«Նույնիսկ հիմա մենք հայոց լեզվի և գրականության դասաժամերը քիչ ենք համարում։ Դարեր շարունակ մենք պայքարել ենք հայոց լեզվի համար, իսկ այսօր հեշտ ու հանգիստ կարողանում են կորցնել։ Առանց մայրենի լեզվի իմացության՝ ազգը գնում է կործանման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասպրամ Հովսեփյանը։
Նրա փոխանցմամբ՝ այսօր հայոց լեզվի և գրականության իմացության մակարդակը բավարարից էլ ցածր է։
«Ժամաքանակի կրճատումը շատ սխալ է։ Դպրոցում պարտադիր ժամաքանակներ կան, որ ուսումնական պլանից դուրս են, դրանք հավելյալ են տրամադրում։ Ցանկացած դպրոց մտեք՝ այդ պարտադիր ժամաքանակների մեծ մասը տրամադրվում է հայոց լեզվին և գրականությանը։ Մարդն ինչպե՞ս կարող է իր մայրենի լեզվի նկատմամբ նման վերաբերմունք ունենալ»,- նշեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։