«Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ հպարտ քաղաքացին դա իրեն հպատակ քաղաքացին է». Ավետիք Իշխանյան
COVID-19-ը Հայաստանում կարծես իր դիրքերը զիջելու նպատակ չունի, ու փոխարենը՝ հանրության շրջանում հենց համավարակի շնորհիվ ավելանում են վիրավորանքները, ատելության խոսքն ու մեղադրանքները:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որպես արձանագրում՝ նախ շեշտեց այն փաստը, որ այսօրվա իշխանությունները համաճարակի դեմ պայքարը ձախողել են:
«Որևէ մեկը չի կարող այլ կարծիք ունենալ, որովհետև թվերը խոսում են, էլ չեմ ասում՝ համեմատությունն աշխարհի տարբեր երկրների հետ»:
Իրավապաշտպանը նաև հիշեցրեց մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իրավապաշտպանի բնորոշմամբ, շատ հետաքրքիր հայտարարությունը, թե կառավարությունը մեղավոր է, մեղավոր է ժողովուրդը, ով նրան բերել է իշխանության:
«Նախ պետք է ասել, որ ժողովուրդը (ժողովրդավարությունն այդպիսի մեխանիզմ է), երբ ընտրում է, պարտադիր չի, որ ճիշտ լինի, որովհետև բազմաթիվ դեպքեր կան, երբ ժողովուրդը սխալվում է: Բայց, երբ ժողովուրդը սխալվում է որևէ իշխանություն ընտրելուց, միևնույն է՝ ձախողումների համար պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ ժողովրդի՝ գուցե սխալմամբ ընտրած, իշխանություններն են: Ցանկացած բնագավառում, դա լինի ռազմական, դա լինի տնտեսական, դա լինի քաղաքական թե սոցիալական: Եվ տվյալ դեպքում բոլորովին քննություն չի բռնում Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ ուրեմն ժողովուրդն է մեղավոր: Ո՛չ: Պատասխանատվություն ես վերցրել, ուրեմն մեղավորը դու ես և քո կառավարությունը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Եղածի շարունակությունն այդ հայտարարությանը հաջորդած օրերին Նիկոլ Փաշինյանի, իրավապաշտպանի բնորոշմամբ, ջղաձիգ պահվածքն է:
«Չկարողանալով կառավարել ճգնաժամային իրավիճակում՝ հատկապես, ջղաձիգ քայլեր սկսեցին արվել՝ զանազան տեսակի նկարները և տեսահոլովակները տարածելով՝ փաստորեն, շարունակաբար մեղքը գցելով հասարակության վրա: Սա, իհարկե, անձնական կյանքի ներխուժում է, էլ չեմ ուզում խոսել միջազգային նորմերով, էթիկայի նորմերից սկսած, որ, փաստորեն, մարդիկ անպաշտպան են իրենց անձնական կյանքում: Սա շատ լուրջ խնդիր է, և իմ կարծիքով՝ սա մտածողություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք այն օրենքները, որ ընդունվում են:
Նիկոլ Փաշինյանը կառավարումը պատկերացնում է՝ բոլորի նկատմամբ վերահսկողություն սահմանելով: Եվ այստեղ ի՞նչ կարելի է ասել մարդու իրավունքների, անձնական արժանապատվության մասին: Նրա պատկերացմամբ՝ հպարտ քաղաքացին դա իրեն հպատակ քաղաքացին է: Ես այդ տպավորությունն ունեմ: Չեմ ուզում պիտակավորել, բայց այն, ինչ կատարվել է այդ նկարների տարածմամբ, սա բացարձապես անընդունելի է»,- նշեց իրավապաշտպանը:
Մեր մեկ այլ հարցին, թե վարչապետի խոսքով՝ իրականացվող հանրային վերահսկողությունը «ոչ թե մարդկանց դատափետելու, մեղադրելու ու դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու համար է», Իշխանյանը հետևյալ կերպ արձագանքեց.
«Ուրեմն ինքը չի հասկանում մեր պրոբլեմը, որովհետև պրոբլեմից հասկացող մարդը այդ մարդկանց լուսանկարները չէր հրապարակի, կամ լավագույն դեպքում՝ դեմքը փակած կլիներ: Իսկ սա արդեն իր պրոբլեմն է, որ տարրական էթիկայի նորմերը չի պատկերացնում, և, ավելին ասեմ, դրդում է մարդկանց, այսպես ասած, ստուկաչության: Որովհետև մարդիկ կարող են ուղղակի միմյանց նկատողություն անել դիմակ չկրելու համար, բայց ոչ երբեք՝ ստուկաչություն»:
Անդրադառնալով այսօր տարածված տեսանյութին, որտեղ արձանագրված է, թե ինչպես են 4 ոստիկան քաղաքացուն դիմակ չկրելու համար բռնությամբ, գետնին տապալելով՝ բերման ենթարկում, ու դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որ ոստիկանությունն ուժային կառույց է, և դա էլ վարչապետի պահանջն է ոստիկանությունից, Ավետիք Իշխանյանն ասաց, որ դա նույն մտածողությունն է, ինչ մտածողություն մինչ այդ դրսևորվել էր ընդդիմադիրների նկատմամբ՝ «ասֆալտին փռելու»:
«Հիմա, փաստորեն, ասֆալտին են փռվում «հպարտ քաղաքացիները»: Ես այնպիսի պատկերացում ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի համար, նրա մտածողությամբ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է լինեն իմքայլականներ, որոնք հլու-հնազանդ նրան ենթարկվում են և քվեարկում են նրա ցուցումով և ծափահարում են նրա հայհոյանքներին: Նա ցանկանում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները լինեն այդպիսին՝ իրեն հլու-հնազանդ, հպատակ:
Նույնիսկ ընտրություններին մասնակցած այն 70% քաղաքացիները, ովքեր անձամբ նրան ձայն են տվել, նախ առաջին հերթին՝ դեռևս չի նշանակում, որ ընտրողների այդ 70%-ը նրա հպատակները պետք է լինեին: Էլ չեմ ասում՝ մնացածը: Բայց նա պատկերացնում է՝ Հայաստանի 3 միլիոն բնակիչները պետք է լինեն իմքայլականներ և հլու-հնազանդ նրան ենթարկվեն:
Եվ ի՞նչ է նշանակում՝ ոստիկանությանն օգտագործել կարգը չպահպանողների նկատմամբ՝ այդպիսի ոչ թե անհամաչափ ուժ, այլ բռնություն կիրառելու համար: Այստեղ մի շատ կարևոր խնդիր կա: Ոստիկանությունը, եթե կարգ է հսկում, և ես կողմ եմ, որ կարգ հսկի, նա կարող է շատ մեղմ զգուշացումներ անել քաղաքացիներին՝ կարգը պահելու համար: Եթե չեն ենթարկվում, կարող է վարչական տույժի ենթարկել, տուգանքների:
Երբ նա պահանջում է, որ իրեն հլու-հնազանդ ենթարկվեն քաղաքացիները, առաջին հերթին, եթե, պարոն վարչապետ՝ Դուք և Ձեր ընտանիքը վարակված եք, ապա բարի եղեք ինքներդ մեկուսանալ, ասուլիսներ չտալ, որովհետև Դուք վտանգում եք այլոց առողջությունը, որքան էլ դիմակով և ձեռնոցներով լինեք, որովհետև հիվանդ մարդը պետք է մեկուսացված լինի: Եվ ցանկալի կլիներ, ամենամեղմն եմ ես ասում, որ մեկուսացվեր, և ընդհանրապես չխոսեր, և պարտականությունները դներ որևէ փոխվարչապետի վրա, էլ չեմ ասում հրաժարականի մասին»,- եզրափակեց խոսքը Ավետիք Իշխանյանը: