Բաժիններ՝

Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված տարեցներից 12-ը հիվանդանոցներում են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ

Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ն են այս պահին գտնվում հիվանդանոցում, մնացած 3-ի մոտ հիվանդությունը  ասիմպտոմ է,  և նրանք գտնվում են հաստատությունում. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«14-ն էին հիվանդանոցում, 2-ը մահացել են, այժմ հիվանդանոցում 12-ն են: Կորոնավիրուսով վարակված տարեցներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն իրենց լավ են զգում: Տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 28 աշխատակիցները հոսպիտալացված չեն»:

Սոնա Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ տուն-ինտերնատից նոր հոսպիտալացվածներ և նոր հաստատված դեպքեր չկան:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում վարակակիրներ կան, և նրանց մի մասը տեղափոխվել էր հիվանդանոցային հաստատություններ: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 45 է:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Սոնա Մարտիրոսյանն ասել էր, որ փետրվարի 27-ից հաստատություն ելումուտ չի եղել, միակ դեպքը եղել է տարեցներից մեկին առողջական վիճակի պատճառով հիվանդանոց տեղափոխելը: Նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դուրսգրման պահին բացասական էր եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս