Նորքի տուն-ինտերնատի 8 տարեց հոսպիտալացվել է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 է. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում վարակակիրներ կան, և նրանց մի մասը տեղափոխվում է հիվանդանոցային հաստատություններ:
«Եկել են հավելյալ թեստերի պատասխանները: 45 հաստատված դեպք ունենք, որից 28-ը տուն-ինտերնատի աշխատակիցներն են: Թեստի դրական պատասխան ունեցող աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ասիմպտոմ է հիվանդությունը: Տարեցների մի մասը՝ շուրջ 8 հոգի, հոսպիտալացվել են, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում, որովհետև ավելի սովոր են այդ խնամքին, պայմաններին: Տարեցների մեջ կան մարդիկ, որոնց մոտ նույնպես ասիմպտոմ է, ուղղակի թեստի դրական պատասխան ունեն: Ծայրահեղ ծանր վիճակ չունենք, կայուն վիճակում են, տարեցների մի մասն անգամ ջերմություն չունեն»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը վստահեցնում է, որ փետրվարի 27-ից հաստատությունում ելումուտ չի եղել, չեն եղել տեսակցություններ: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ կորոնավարակը մուտք է գործել տուն-ինտերնատ:
«Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ հաստատությունը գտնվում է 20 մետր հեռավորության վրա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, աշխատակիցներն ու տարեցներն անգամ դարպասից դուրս չեն եկել: Մեկ հնարավոր տարբերակ կա, որն այս պահին քննարկվում է, բայց դա էլ հաստատված չէ: Նորքի տուն-ինտերնատում 35 հոգու համար նախատեսված բաժին կա, որտեղ գտնվում են բացառապես այն տարեցները, որոնք բուժման կարիք չունեն, բայց անկողնային են, և խնամքն այդպես է դասավորվում: Երեք շաբաթ առաջ այս բաժնում գտնվող տարեց տատիկներից մեկի առողջությունը վատթարացել է, անհրաժեշտություն է առաջացել իրեն տեղափոխել բուժհաստատություն: Տեղափոխել են Էրեբունի ԲԿ: Նա դուրս է գրվել, բուժհաստատությունում թեստավորել են, բացասական է եղել պատասխանը: Հիմա չգիտենք, գուցե թաքնված վիճակ է եղել, կամ ինկուբացիոն փուլում է եղել, բայց սա դուրս ու ներս անելու միակ դեպքն է եղել: Մինչ այս էլ Նորքի տուն-ինտերնատում թեստավորում արվել է, բայց դեպքեր չենք ունեցել»,- ասաց Մարտիրոսյանը: