Բաժիններ՝

«Արդեն դեպքեր ունենք մարզի 11 համայնքում». Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի:

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր և Մարտունի (քաղաք) համայնքներում»,- նշել էր մարզպետը:

168.am-ի հետ զրույցում Գ. Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին.

«Մեզ մոտ բավական ակտիվ փուլ է այն առումով, որ գիտեք՝ երկար ժամանակ մեզ մոտ չհայտնաբերվեց, հետո երկու խոշոր օջախ եղավ, ինչը բերեց նրան, որ բավական արագ մեր թվերը մեծացան»:

Նա նշեց, որ վարակի տարածման երկու խոշոր օջախներն են Վարդենիս և Դդմաշեն համայնքները.

«Դդմաշենում արդեն 50-ից ավելի քաղաքացի է վարակված: Համայնքը պարետի որոշմամբ մինչև մայիսի 14-ը փակ է:

Վարդենիսում վիճակը բավականին կայունացել է. Օրեր են լինում, որ նոր դեպքեր չեն արձանագրվում, բայց ընդհանուր առմամբ՝ արդեն դեպքեր ունենք մարզի 11 համայնքում»:

«Հիշում եք, այդ օրերին, երբ մեզ մոտ չկային վարակի դեպքեր, բավական շատ էր Հայաստանի այլ համայնքներից շարժը դեպի մեր մարզ, և մենք էլ էինք գիտակցում, որ դա մի օր կբերի նրան, որ եկողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր վարակակիր կլինեն և մեզ մոտ կտարածեն. Մենք մի քանի էդպիսի դեպք ունենք»,- եզրափակեց Գնել Սանոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս