2 տարի առաջ հայտարարեցիք՝ Տեր Մեսրոպը կրթությանն ամենաշատ վնաս հասցրած մարդկանցից է, աուդիտից ի՞նչ նորություն կա. Աննա Կոստանյանը՝ Արայիկ Հարությունյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցրեց վերջինի՝ դեռևս երկու տարի առաջ կատարած ֆեյսբուքյան այն գրառումը, որով Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱՅԲ հիմնադրամից Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանն ամենաշատ վնաս հասցրած մարդկանցից է, և խոստացել էր աուդիտ հայտարարել:

Կոստանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է աուդիտը:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նախ նշեց, որ պատգամավորի և իր հարցուպատասխանները սերիալների են նմանվում, ուստի կանի ամեն ինչ, որ այդ սերիալները որակով լինեն, ու խնդրեց պատգամավորին ևս նման կերպ վարվել:

«Այո՛, ես Տեր Մեսրոպի գործունեության հետ կապված արել եմ քաղաքական հայտարարություն: Ինչ վերաբերում է ԱՅԲ-ի գործունեությանը, ապա չգիտեմ՝ հարցը զուգադիպե՞լ է, թե՞ դատախազությունում աղբյուրներ ունեք, բայց ես մի խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում  մեծ փորձ ունի և վերջերս զեկուցեց նա ինձ, որ այստեղ մեծ պրոբլեմներ կան, ու հիմա համապատասխան մարմիններին ենք հանձնարարել: Գուցե հիմա մի փոքր ուշացել է, բայց ԱՅԲ-ի հետ կապված իմ հայտարարությունը պայմանավորված էր ԱՅԲ-ի ներսում գոյություն ունեցող որոշակի խնդիրներով: Ես չէի ուզում, որ նախարարությունը  կամ ես որևէ կողմի մաս դառնանք: Կարծում եմ՝ մեր գործունեությունն այնպիսին է, որ որևէ չբացահայտված խախտում, եթե այդպիսին կա, չի լինի: Ինձ զեկուցել են, որ այնտեղ խնդիրները լուրջ են,  և ուղարկել ենք իրավապահներին, և շատ հուսով  եմ, որ պատասխանը շուտով կլինի»,- ասաց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս