Բռնապետները չարիք են գործում ժողովրդի ագրեսիվ փոքրամասնության համաձայնության և ահաբեկված մեծամասնության անտարբերության միջավայրում

Մի հարց է ինձ հետապնդում՝ ի՞նչ տեղի կունենա, եթե ժողովրդի զգալի մասի թողտվության ու անտարբերության մթնոլորտում վարչախմբին հաջողվի վերահսկողություն հաստատել Հայոց Եկեղեցու ներքին կյանքի վրա։

Սա կարևոր է, քանի որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին (ՀԱՍԵ) վերջին տասնամյակներում ծնված հերթական կրոնական կազմակերպությունը չէ, այլ դարեր շարունակ եղել և մնում է մեր ազգային ինքնության, մշակույթի, հիշողության պահպանման հիմնական հաստատությունը։ Այսինքն՝ ՀԱՍԵ-ի նկատմամբ պետության անունից ցուցաբերվող վերաբերմունքը չի կարող դիտարկվել՝ որպես կառավարության և առանձին հոգևորականների միջև սովորական, այսպես կոչված, կողմնորոշումային վեճ։

 ՀԱՍԵ-ի հետ իր հրապարակային դիմակայության մեջ ՔՊ-ն կասկածելի է համարում Վեհափառ Հայրապետի պաշտոնավարման իրավաչափությունը, պահանջում է նրա հեռացումը, իսկ 2026թ․ նախընտրական ծրագրում հռչակել է Եկեղեցու «բարեփոխման» քաղաքական օրակարգ՝ զուգահեռաբար քրեական հետապնդումների ենթարկելով բազում բարձրաստիճան հոգևորականների, օրերս էլ փորձ արեց սկսել Վեհի և 6 եպիսկոպոսի նկատմամբ դատավարությունը։

Պարզ է, որ վարչախմբի նման վարքագիծն իրականություն է դառնում ոչ միայն իշխանության վարչական և իրավական լծակների, այլև ժողովրդի մեծամասնության անտարբերության շնորհիվ։ Իշխանությունը կարող է սահմանափակել որևէ մի կազմակերպության անդամների (ասենք՝ կրոնական, ազգային կամ սեռական փոքրամասնության) իրավունքները, որոնց  հասարակության մեծ մասը համարում է իրեն օտարոտի։

Կարդացեք նաև

Ընդ որում, իշխանությունը կարող է նույնիսկ ժողովրդավարական մեխանիզմներով ստանալ խորհրդարանի մեծամասնության հավանությունը։ Սա նշանակում է, որ ժողովրդավարությունն ինքնաբերաբար չի երաշխավորում փոքրամասնության կամ հանրային կարևոր ինստիտուտի նկատմամբ ժողովրդի մեծամասնության արդար, լա՛վ, գոնե հանդուրժող վերաբերմունքը։

Միշտ պետք է պայքարել, իշխանության վրա ճնշում գործադրել, որովհետև մեծամասնության կամքն ու արդարությունը ոչ միշտ են նույնական։

Հայաստանի դեպքում էլ ունենք նման պատկեր վարչախումբը վարկաբեկում է Եկեղեցու հեղինակությունը, բանտ է նետում հոգևորականներին, հավակնում վերաձևել Եկեղեցու ներքին կառավարման համակարգը, իսկ մարդկանց մեծ մասը դրան անտարբեր է։ Ուրեմն արձանագրենք ոչ միայն վարչախմբի հակաօրինական վարքագիծը, այլև ժողովրդի մեծամասնության անտարբերության քաղաքական հետևանքները։

Լռությունը ոչ միշտ է համաձայնության նշան։ Երկարատև լռությունը, հատկապես, երբ խախտվում են ազգային հաստատության ինքնավարության սահմանները, «վերևներում» ստեղծում է պատրանք, թե հասարակական դիմադրության լուրջ վտանգ չէ։

Այս դեպքում ծագում է հաջորդ, ոչ պակաս կարևոր հարցը արդյո՞ք ՔՊի պարագլխի հակաեկեղեցական արշավը սոսկ իր նախաձեռնությունն է, թե՞ այն նաև հասարակության մեջ ձևավորված հակաեկեղեցական ու հակակղերական տրամադրությունների արտացոլումն է։

Եթե Եկեղեցու դեմ պետական ճնշումը քաղաքացին չի ընկալում որպես իր ազատություններին և հասարակական հավասարակշռությանն ուղղված սպառնալիք, ապա իշխանության համար Եկեղեցին թիրախավորելը դառնում է քաղաքականապես անվտանգ, և նա կարող է գնալ ավելի հեռուն՝ յուրաքանչյուր հաջորդ քայլի համար ստանալով նոր թողութեան գիր (indulgentia)։

Սա՛ բոլորիս համար հնչող զանգերի ղողանջ է։ Վարչախմբի «ամենազորությունը» միայն ոստիկանությունը, դատական համակարգը կամ վարչական ռեսուրսները չեն ապահովում, նրա ուժը նաև հասարակության գծած և նրա կողմից չվերահսկվող թույլատրելիի շրջանակն է, և եթե ժողովուրդը չի սահմանափակում իշխանության լիազորության սահմանները, իշխանությունը դառնում է անզուսպ ու անկառավարելի և ավելի ու ավելի է ընդլայնում իր «տիրույթները»։

Որեմն, ներկա Հայաստանում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ամենևին էլ «հակամարտության կողմերի» խնդիրը չէ, այն հասարակության համար քաղաքական հասունության քննաքար է։ Կարելի է չհամաձայնել որևէ հոգևորականի հետ, այպանել նրա վարքագիծը, ծառայության ընթացքը, պահանջել բացատրություն, սխալի ուղղում, քավություն, նույնիսկ՝ ներքին բարեփոխումներ՝ պահպանելով աշխարհիկ և հոգևոր իշխանությունների լիզորությունների սահմանագիծը Եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն իր իսկ կանոնական և իրավական կարգավորումների շրջանակներում, ոչ թե՝ ըստ խորհրդարանական մեծամասնության (= կառավարության) պարտադրած քաղաքական ու գաղափարախոսական նպատակների։

Չէ՞ որ այսօր կառավարող մեծամասնության թելադրանքի տակ են իշխանության մյուս ճյուղերը, անկախ պետական մարմիններ, վաղը կարող է նույն կերպ վարվել արհմիությունների, կուսակցությունների և առհասարակ ոչ կառավարական կազմակերպությունների հետ։ Եվ այդ ժամանակ շատերը շվարած կհարցնեն՝ ինչո՞ւ թույլ տվեցինք, որ դա տեղի ունենա

Իսկ մնացած մարդիկ իրար

Հարցնում էին սարսափահար,

Թե որտեղի՞ց արդյոք ծագեց

Էս ընդհանուր աղետը մեծ։

Հովհաննես Թումանյան

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31