Հաղորդաշարեր, առցանց ներկայացումներ. տիկնիկային թատրոնը նորություններ ունի
Փոքրիկների և մեծահասակների առօրյան լցնելու նպատակով Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը շուտով վիրտուալ տիրույթում ներկայացնելու է «Երգերդ տիկնիկային ներկայացումներում» և «Տիկնիկների ձևերը» հաղորդաշարերը: Թատրոնը նաև շարունակելու է ցուցադրել հետաքրքիր ներկայացումներ, որոնք արժանացել են ինչպես տեղի, այնպես էլ՝ օտար հանդիսատեսի բարձր գնահատականին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ «Երգերդ տիկնիկային ներկայացումներում» հաղորդաշարը մոտավորապես 12 թողարկում կունենա, իսկ «Տիկնիկների ձևերը» հաղորդաշարը՝ 8:
«Մանկական բեմադրություններում բազմաթիվ երգեր են հնչում, որոնք ներկայացնելու ենք առաջին հաղորդաշարով: Գուցե դա երգահանների, բանաստեղծների համար նոր ստեղծագործություններ գրելու ազդակ հանդիսանա, քանի որ մենք այնքան էլ հարուստ չենք մանկական երգերով: Ընդգծեմ, որ մեր թատրոնում տիկնիկների բոլոր ձևերն են կիրառվում, ուստի երկրորդ հաղորդաշարում պատմություններով, ցուցադրություններով ու վիզուալ նյութերով կներկայացնենք տիկնիկները, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցելու է մեզ բարձրորակ տեսագրությունների հարցում»,-պատմեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ թատրոնը պետք է ընտրի ոչ թե ներկայացումները փոխարինելու մոտեցումը, այլ ձևաչափ, որը հնարավոր չէ իրականացնել թատրոնում, բայց հնարավոր է առցանց տարբերակով: «Գուցե այն ժամանակ, երբ թատրոնը սկսի ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատել, մեր հիմնական գործին գումարվեն կրթամշակութային բնույթի վիրտուալ ծրագրերը»,-շեշտեց Բաբայանը:
Անդրադառնալով առցանց ներկայացումներին՝ տնօրենն ասաց, որ Տիկնիկային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում ներկայացումների ցուցադրությունները շարունակվում են: Թատերասերները հնարավորություն ունեն դիտել բեմադրություններ, որոնք այլևս խաղացանկում չեն:
Մինչ այժմ ցուցադրվել են մի շարք ներկայացումներ, այդ թվում՝ նաև «Թմկաբերդի առումը», որը Ֆրանսիայում կայացած թատերական փառատոնում առաջին մրցանակի է արժանացել: Իսկ մայիսի 6-ին ներկայացվելու է Նարինե Գրիգորյանի «Հովնան» բեմադրությունը, այնուհետև՝ Զառա Անտոնյանի «The Best of Shakespeare»-ը:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ, անկախ ամեն ինչից, թատրոնները պետք է շարունակեն իրենց գործունեությունը: «Մեր թատրոնը երեք փուլով է գնալու. առաջինը բեմադրական աշխատանքներն են, որոնք կանգ են առել, նկատի ունեմ դեկորացիներ, տիկնիկներ և այլ բաներ պատրաստելը, երկրորդը՝ ներկայացումները, փորձերը վերականգնելը: Խաղացանկում ավելի քան 40 ներկայացում կա, և այս երկու, երեք ամսվա դադարը հնարավորություն չի տալիս միանգամից վերսկսել ցուցադրությունները: Երրորդը կարևոր փուլերից է: Պետք է հասկանալ, թե ինչպես ենք սկսելու խաղալ ներկայացումները, ինչպես ենք ապահովելու մարդկանց անվտանգնությունը թատրոնում: Հնարավոր է՝ 300 տեղ ունեցող դահլիճում վաճառենք միայն 60 տոմս, որ երեխաներն ու նրանց ծնողները միմյանցից հեռու նստեն: Ամենադժվար պայմաններում անգամ մշակույթը պետք է անի իր գործը, որովհետև, եթե մենք սպասենք բարենպաստ պայմանների, ապա այնքան էլ չենք արդարացնի մեր կոչումը»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:
Անժելա Համբարձումյան



