Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանում դեռ չեն ավարտվել ակտիվ գործընթացները, հետևում է դրանց․ Լուկիանով

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում օրեցօր նոր «կնճիռներ» են ի հայտ գալիս։ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև տարընթերցումները զգացնել են տալիս երկկողմ հարաբերությունների երկու կարևոր ուղղություններում՝ էներգետիկ համագործակցություն և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց։ Հայ և ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններում ևս նկատվում են խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, և որոշ վերլուծաբանների գնահատմամբ, ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն էապես լարված են, և լուծումների կարիք կա։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ երկու երկրների հարաբերություններում ոչ թե լարվածություն, այլ խնդիրներ կան: Ըստ նրա՝ այդ խնդիրներն առաջանում են ժամանակ առ ժամանակ, ինչը նոր երևույթ չէ հայ-ռուսական հարաբերությունների համար։

Լուկիանովի կարծիքով՝ պետք է տարբերակել լարվածությունը խնդիրներից, կան խնդիրներ, որոնք լարվածության չեն վերաճում։

«Այդ խնդիրներն առաջանում են, երբ գործընկեր երկրների իշխանությունների քայլերը, հայտարարությունները լիովին ընկալելի չեն միմյանց համար։  Ռուսաստանի գործոնը, որպես բացասական, հետսովետական տարածքում հաճախ է օգտագործվում իշխանությունների կողմից ներքաղաքական դիսկուրսում։ Բնականաբար, պատահում են հայտարարություններ, որոնք արվում են ներքին լսարանի համար, սակայն դրանք  լսելի են նաև Մոսկվայում։ Առանց ակնհայտ շարժումներ ցույց տալու և բանավեճեր ծավալելու՝ ՌԴ-ն շարունակում է հետևել հայաստանյան իրադարձություններին, և ցանկացած անկայունություն տագնապի առիթ է Մոսկվայի համար, քանի որ այն կարող է առնչվել բազմաթիվ ոլորտների, կարող է կուլ տալ շատ օգտակար թեմաներ՝ թե հայաստանյան, թե հայ-ռուսական հարաբերություններին առնչվող։

Կարծում եմ՝ Մոսկվայի պահվածքը լիովին ադեկվատ է, հանգիստ, հավասարակշռված, առանց ցայտուն վերաբերմունքի իշխանությունների կամ քաղաքական այս կամ այն ուժերի նկատմամբ, քանի որ Մոսկվան առաջնորդվում է իրողություններով, իսկ դրանք հայ-ռուսական հարաբերություններում բազային են, Հայաստանը չունի Ռուսաստանի նման անվտանգային գործընկերների այլընտրանքներ հատկապես հիմա, ուստի Հայաստանի ամեն հայտարարություն, ամեն շարժում չէ, որ Մոսկվայի կողմից արձագանքի արժանի է։

Եվ սա ճիշտ մոտեցում է, Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանում դեռ չեն ավարտվել ակտիվ գործընթացները, հետևում է դրանց, բայց չի միջամտում  և այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որպեսզի չմեղադրվի ներքին գործերին միջամտելու և ներքաղաքական կյանքն անկայունացնելու մեջ։

Կան գործնական խնդիրներ, ինչպես գազի գինն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությունները, և այստեղ անլուծելի հարցեր չկան, լուծումները պետք է լինեն գործընկերային և ձեռնտու լինեն բոլոր կողմերին։ Ռուսաստանի և աշխարհի համար այս դժվար փուլում հնարավոր չէ ավելի ցածր գնով գազ գնելու հայաստանյան հայտը միանգամից բավարարել և չբանակցել, չփորձել հասկանալ, թե ինչու հիմա և ինչ լուծումներ են հնարավոր, որպեսզի մեծ վնասներ չլինեն տնտեսությունների համար։ Այս  մթնոլորտում պետք է կարգավորվեն բոլոր հարցերը»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը՝ նկատելով, որ հնարավոր է խուսափել խնդիրներից։

Լուկիանովը չի կարծում նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին դիտարկումները հայ-ռուսական գազային բանակցությունների և ԼՂ հակամարտության  կարգավորման ծրագրերի մասին փաստում են լարվածության մասին։

Ըստ վերլուծաբանի՝ Լավրովն արձանագրել է փաստեր՝ խուսափելով տալ գնահատականներ և սրել իրավիճակը։

Նրա դիտարկումների համաձայն, երբ որոշ հայտարարություններով Ռուսաստանը խախտում է հավասարակաշռությունը՝ հետագայում փորձում է սրբագրել դրանք, ինչը և արվեց վերջին հայտարարություններից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ մի շարք պարզաբանումներով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական մոտեցումների վերաբերյալ, քանի որ ավելի վաղ արված դիտարկումները մեծ աղմուկ էին բարձրացրել և նույնիսկ ոչ ճիշտ մեկնաբանվել։

«Բայց ինչպես երևում է, մեր երկրների օրակարգերում տարբեր հարցեր են առաջնային, և ոչ այնքան՝ հայ-ռուսական հարաբերությունները»,- նկատեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս