«Ներքին հիվանդությունը դուրս է եկել ջրի երես: Մենք մենեջերներ ունենք, կառավարիչ չունենք». Հարություն Մեսրոբյան

«Մեզ մոտ արժեզրկվում է պետական համակարգն իր բոլոր կառույցներով: Ընդ որում, երբ ես ասում եմ՝ պետական համակարգ, խոսքը չի գնում միայն պետական կառույցների` Խորհրդարան, Կառավարություն, տարբեր գերատեսչություններ, ՊՈԱԿ-ներ, դրանց մասին, ոչ, խոսքը գնում է պետության այն բաղադրիչների մասին, որոնք ի վերջո կազմում են մի ամբողջականություն, լինի դա եկեղեցի, ինչ-որ սոցիալական պրոցես, ֆինանսավարկային կամ տնտեսական բլոկ, գյուղատնտեսություն, թե քաղաքապետարան: Բոլոր տեղերում զգացվում է արդեն, որ պետական համակարգը խորքային խնդիրներ ունի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոբյանը` հավելելով, որ, երբ բոլոր ենթահամակարգերն ունեն խորքային խնդիր, ուրեմն խնդիր ունի ողջ պետական կառավարման համակարգը, և հենց դա է վտանգավոր:

Հարություն Մեսրոբյանի կարծիքով` մեր առջև ծառացած գլոբալ մարտահրավերների ֆոնի վրա մեր պետական համակարգը խնդիրներ ունի:

«Այս չարաբաստիկ կորոնավիրուսը: Այն կառավարման իմաստով կա, բայց հաճախ չափազանցվում է: Հաջորդը գերտերությունների միջև կտրուկ լարվածության աճն է, ապա՝ մեր տարածաշրջանում լարվածության կտրուկ աճը, ֆինանսաբանկային համակարգում լարվածության աճ կա թե ամբողջ աշխարհում, թե արժեթղթերի շուկայում, նավթային պատերազմ»,- այդ մարտահրավերները թվեց փորձագետը:

Հարություն Մեսրոբյանը նշում է, որ 1991թ.-ից մենք կառավարողներ չենք ունեցել, ունեցել ենք ղեկավարներ, և սա մեր դժբախտություններից մեկն է:

«Ղեկավարողը, այսպես կոչված, մենեջերն է: Մենք մենեջերներ ունենք, կառավարիչ չունենք: Կառավարիչը նա է, ով իմանալով համակարգի իրական վիճակը, գիտակցելով ու հաշվարկելով իրավիճակը, որին մենք պետք է ձգտենք, մշակում է այդ ամբողջ ռազմավարությունն ու տանում առաջ: Մենեջերներն իրագործում են կառավարչի ամբողջ տեսլականը: Հետևապես՝ մեր պրոբլեմը կայանում է նրանում, որ մենք կառավարիչներ չունենք»,- նկատեց Հարություն Մեսրոբյանը:

Վերջինս նշում է, որ կառավարման մեջ պոստ-ֆակտում պետք չէ պայքարել փլուզման մեջ, պետք է դրա դեմն առնել ընթացքում:

«Այսպիսի ասացված կա` դիակի համար մեկ է, թե ինքն ինչից է մահացել: Այսինքն՝ էական չէ, մարդը միտումնավո՞ր է արել, թե՞ ոչ: Ես տեսնում եմ, որ իշխանություններն արդեն տեսնում են, որ պրոցեսները գնում են վտանգավոր ուղղությամբ, զգում են, որ վիճակը շիկանում է: Շատ արագ ինչ-որ քայլեր, հայտարարություններ են անում, ներիշխանական միջանձնային լարվածությունն է ավելացել տարբեր ոլորտներում, իսկ դա արդեն նշանակում է, որ այդ ներքին հիվանդությունը դուրս է եկել ջրի երես»,- ասաց կառավարման փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս