Իրանի դեմ պատերազմում ամերիկացի զոհված զինվորականների թիվն ավելի մեծ է, քան հայտնում է Պենտագոնը․ WP
Իրանի հետ պատերազմում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը կարող է գերազանցել Պենտագոնի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը։
The Washington Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին տվյալներին ծանոթ վեց պաշտոնյա նշել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 22 զինծառայող՝ չորսով ավելի, քան նշված է Պենտագոնի բաց բազայում։
Թերթի հինգ աղբյուրներ հայտնել են առնվազն 22 զոհի մասին։ Վեցերորդ պաշտոնյան նշել է 23 թիվը՝ հստակեցնելով, որ ոչ բոլոր մահերն են անմիջականորեն կապված ռազմական գործողությունների հետ. խոսքը նաև հակամարտության ժամանակ Մերձավոր Արևելքում գտնվող զինծառայողների մասին է։ Նրա խոսքով՝ այդ նույն ընթացքում զոհվել է նաև ամերիկյան բանակի երեք պայմանագրային աշխատող։
Մինչդեռ ուրբաթ օրվա դրությամբ Defense Casualty Analysis System հանրային բազան նշում էր պատերազմի սկզբից զոհված ընդամենը 18 ամերիկացի զինծառայողի մասին։ Լրացուցիչ մահերի մանրամասները, ներառյալ զոհվածների անունները, նրանց մահվան հանգամանքները, վայրն ու ժամանակը, մնում են անհայտ։ Պենտագոնն այդպես էլ չի պատասխանել տվյալների անհամապատասխանության վերաբերյալ The Washington Post-ի հարցումներին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է պարբերականի հրապարակումը։
«Սա զզվելի է ու կեղծ։ Կատարյալ սուտ»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեղադրելով The Washington Post-ին ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Իրանի հետ պատերազմն էական ազդեցություն ունի ոչ միայն մարդկային կորուստների, այլև ամերիկյան ռազմական ռեսուրսների վրա։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գնահատականով, որը հրապարակվել է օրենսդիրներին ներկայացված զեկույցում, մինչև սեպտեմբերի 3-ը հակամարտությունն ամերիկյան զինուժի վրա արժեցել է մոտ 43,6 միլիարդ դոլար։ Այդ գումարից շուրջ 28 միլիարդը բաժին է ընկնում միայն սպառված զինամթերքին։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը մինչև օգոստոսի 1-ը պատերազմի արժեքը գնահատել էր 38 միլիարդ դոլար և կանխատեսել լրացուցիչ ծախսեր՝ ամսական մոտ 2-3 միլիարդ դոլարի չափով՝ կախված ռազմական գործողությունների ինտենսիվությունից։
Հատկապես արագ են աճում սպառազինության վրա արվող ծախսերը։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ օգտագործված զինամթերքի արժեքը Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատած 21,7 միլիարդից հասել է 28,1 միլիարդ դոլարի։ Առավել պահանջված են մնում հակահրթիռային պաշտպանության թանկարժեք միջոցները, այդ թվում՝ Patriot և THAAD համակարգերի որսիչները։
Որսիչների պաշարների կրճատումն արդեն լուրջ անհանգստություն է առաջացնում Եվրոպայում։ Ամերիկացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները Associated Press-ին հայտնել են նման հրթիռների «անասելի կրիտիկական» պակասի մասին։ Նմանատիպ խնդրի առաջ է կանգնել նաև Սաուդյան Արաբիան։
Միաժամանակ, Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է պաշտպանության համար հատկացնել ռեկորդային 1,5 տրիլիոն դոլար և խնդրում Կոնգրեսին հաստատել լրացուցիչ 95 միլիարդ դոլարի փաթեթ, որն, ի թիվս այլ ռազմական առաջնահերթությունների, պետք է ֆինանսավորի նաև Իրանի հետ պատերազմը։ Դեմոկրատ սենատորներն էլ իրենց հերթին Պենտագոնից պահանջում են Կոնգրեսին տրամադրել հակամարտության ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվություն։

