«Մենք չենք կանգնում ու ասում՝ եկեք մարդկանց փող բաժանենք, բայց հետո աշխատավարձերն ինչպե՞ս տանք, հետո բանակի ծախսերն ինչպե՞ս անենք». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ընտանիքի Կառավարությունը թող տրամադրի 100.000 դրամ, լավ է հնչում, ուստի իր համար էլ հաճելի կլինի, եթե ասի՝ մարդկանց 100.000 չէ, 200.000 բաժանեք:
«Պարոն Մարուքյանն ասում է, որ տեղյակ չէ, թե Կառավարության ներկայացրած այդ 14 ծրագիրն ում է վերաբերում, լավ կլիներ, որ հայտարարություն անելուց առաջ պարոն Մարուքյանը տեղեկանա, թե այդ ծրագրերն ում են վերաբերում: Քիչ առաջ վարչապետը լավ լուր հայտնեց, որը ես հիմա կկրկնեմ՝ մոտակա 10 օրերի ընթացքում փուլ առ փուլ գրեթե բոլոր տնտեսական սահմանափակումները դուրս կգան, և մենք ըստ իրավիճակի՝ կհասկանանք՝ ինչ է պետք անել, որպեսզի այս իրավիճակից բոլորս դուրս գանք»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա վստահեցրեց, որ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ հարմար առիթ կընտրի և կգնա իր ընտրատեղամաս, մի քանի տներ կմտնի՝ հասկանալու համար, թե կոմունալ վճարների հետ կապված ինչ իրավիճակ է:
«Շատ սուբյեկտիվ է, մի տեղում այդ խնդիրը կա, մի տեղում՝ չկա: Մենք չենք կանգնում ու ասում, թե՝ եկեք մարդկանց փող բաժանենք, բայց հետո աշխատավարձերն ինչպե՞ս տանք, հետո բանակի ծախսերն ինչպե՞ս անենք: Հիմա, որ պահուստային ֆոնդում գումար կա, կարո՞ղ է՝ պահում ենք ինչ-որ նպատակի համար: Այսօր իրականացվում են այն ծրագրերը, որոնք հասնում են թիրախային խմբերին, բնական է, որ այդ ծրագրերի մեջ կարող են լինել բացթողումներ, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք դեռ պետք է արվեն:
Փաստն այն է, որ այսօր աշխարհում տիրում է ճգնաժամ, որի պարագայում, յուրաքանչյուր երկիր փորձում է լուծում գտնել»,- հավելեց նա:
Հարցին՝ ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էիք, որ արագաչափերից կազատվեք, բայց իշխանության գալուց հետո դրանք շարունակեցին մնալ, ինչո՞ւ չհանեցիք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ բազմաթիվ արագաչափեր հանվել են, 1 միլիարդ, 250 հազար դրամի տուգանք է ներվել, որը վերաբերվել է 120 քաղաքացու:
«Արագաչափերը և տեսախցիկները, որոնք աշխատել են մեկ նպատակով՝ քաղաքացուն թալանելու նպատակով, այսօր այդ նպատակին չեն ծառայում: Օրինակ՝ Սարի թաղի բնակիչներն ուղղակի խնդրում են, որ այնտեղ տեսախցիկներ տեղադրվեն, քանի որ տները ճանապարհին բավականին մոտ են, և երեխաները հաճախ անցնում են, և մեր վարորդներն իրենց բավականին ազատ են պահում, որը հղի է տարբեր հնարավոր հետևանքներով: Եթե տեսախցիկները մնային նույն տրամաբանության մեջ և անեին այն, ինչ անում էին նախկինում, ապա պետք է հանվեին»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Հաջորդ հարցին՝ երբ Էդմոն Մարուքյանի հետ նույն դաշինքում էիք, այն ժամանա՞կ էլ էր վերջինս պոպուլիստական հայտարարություններ անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, եթե այն ժամանակ աներ, ապա դրա մասին ինքը Մարուքյանին կասեր. «Դրա մասին հիմա էլ եմ ասում, երբ պոպուլիստական հայտարարություններ է անում»: