ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը և Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: