Կարո՞ղ է նոր կորոնավիրուսն ունենալ այլ ազդեցություն մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում են մասնագետները
Հայաստանում գործող բժշկական կենտրոններից մեկն իր կայքում հրապարակել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկ Հենի Մահֆուզիի հայտարարությունը։ Նա պնդում է, որ հարյուրավոր պացիենտների բուժելուց հետո եկել է եզրահանգման, թե Covid19-ը թոքաբորբ կամ սուր շնչառական վարակ չի առաջացնում:
«Մենք բուժում ենք ոչ այն հիվանդությունը, որն իրականում առկա է։ SARS2 թագավարակը հեմոգլոբինի հետ կապվում է այնպես, որ շրջանառության ընթացքում անջատում է երկաթի իոնը։ Հեմոգլոբինը կորցնում է թթվածինը կապելու ունակությունը, ինչի պատճառով թթվածինը չի հասնում հիմնական օրգաններ: Ահա թե ինչու ենք ականատես լինում կայուն հիպոքսիայի՝ շատ օրգանների բավական արագ զարգացող անբավարարության հետ միասին»,- ասում է Հենի Մահֆուզին:
Պարզելու համար, թե որքանով է հավանական այս պնդումը, 168.am-ը կապ հաստատեց առողջապահության կազմակերպիչ, Covid19-Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանի և վիրուսաբան, գիտնական Հովակիմ Զաքարյանի հետ:
Գևորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, թե որևէ վարկած չի բացառում, քանի որ այս վիրուսի վտանգավորությունը հենց այն է, որ աշխարհը դեռ չգիտի, թե ինչի՞ հետ գործ ունի:
«Մենք չգիտենք՝ ինչ սպասել այս վիրուսից: Ներկայում մենք կորոնավիրուսով հիվանդների հիվանդության բարդությունը համարում ենք թոքաբորբը, սակայն մենք դեռևս չգիտենք ազդեցության ամբողջ մեխանիզմը: Ես չեմ բացառում նաև այդ վարկածը, չեմ բացառում, որ վարակը կրողները կարող են մեկ տարի հետո թոքերում փոփոխություններ ունենալ, արյան բաղադրության մեջ փոփոխություններ ունենալ: Մենք գործ ունենք նոր հիվանդության հետ, ամեն օր չէ, որ նոր հիվանդություն է առաջանում մեր պրակտիկայում, և այն ուղեցույցները, մեր գիտելիքային պաշարը, որը ունենք, որը ստացել ենք, որ բուժենք արդեն հայտնի հիվանդությունները, հաճախ նոր հիվանդությունների պարագայում արդյունավետ չեն լինում, անհրաժեշտություն է առաջանում այդ պահին կողմնորոշվելու»,- ասաց Գրիգորյանը:
Առողջապահության կազմակերպչի խոսքով՝ նոր կորոնավիրուսի ազդեցության մեխանիզմների մասին վարկածները շատ են, սակայն դեռ վաղ է հետևություններ անել:
«ԱՄՆ-ում աշխատող մեր կոլեգան ունի իր վարկածը, կա վարկած, որ այս վիրուսը զուտ ընկճում է մեր իմունային համակարգը, դրա համար են բարդություններ առաջանում, կա վարկած, որ հենց քթըմպանում է տեղակայվում և թոքերում բազմանում է: Դեռևս շատ վաղ է խոսել հիվանդության ազդեցության մեխանիզմի մասին և հստակ ասել, թե ի՞նչ բարդություններ է այն առաջացնում, ես ոչ բացառում եմ, ոչ կարող եմ հաստատել, ժամանակ է պետք ոչ միայն՝ հայաստանյան, այլև՝ համաշխարհային բժշկությանը, որ կարողանան բազմակենտրոն հետազոտություններ անել կորոնավիրուսվ հիվանդների և նույնիսկ հիվանդացած, բայց անախտանիշ պացիենտների հետ, որ կարողանան բնութագրել հիվանդությունը»,- ասաց Գրիգորյանը:
Գիտնական, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն էլ վստահ է՝ յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի, սակայն հարց է, թե որքանո՞վ է այն հիմնավորված:
«Հայաստանից դուրս վերջին գոնե երեք ամիսների ընթացքում արվել են ու արվում են հետազոտություններ, հոդվածներ են գրվում: Այն, ինչ ասացիք, ինձ համար զարմանալի էր, որովհետև բազմաթիվ հոդվածներ եմ կարդացել, որտեղ հստակ ցույց է տրվում, նկարագրվում է, թե ինչպե՞ս են թոքերն ախտահարվում, ինչպիսի՞ ախտաբանական փոփոխություններ են առաջանում, դրա մեջ ոչ մի նորություն չկա այլևս: Ինձ չի հանդիպել որևէ հոդված, որտեղ կասվի, որ վիրուսը կարող է նման մեխանիզմով ազդեցություն ունենալ: Չնայած ոչինչ չեմ կարող բացառել»,- ասաց Զաքարյանը:
Իսկ Հայաստանն ունի՞ ներուժ հետազոտություններ կատարելու և պարզելու, թե ազդեցության ի՞նչ մեխանիզմներ ունի կորոնավիրուսը և ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել:
«Մեզ մոտ գիտական պոտենցիալը շատ մեծ է, սակայն ֆինանսավորումն անհամեմատ փոքր է: Այսինքն, մենք եթե նույնիսկ շատ ուզենանք հստակ բացահայտում անել, դժվար թե կարողանանք, որովհետև չունենք համապատասխան գիտահետազոտական նման լաբորատորիաներ, կարող է՝ ունենք բժշկական գործիքակազմ ախտորոշումների համար, բայց գիտությամբ զբաղվելու համար, այդ ռեզերվը, իմ գնահատմամբ, չունենք: Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ պարտավոր ենք ուշի ուշով հետևել համաշխարհային առողջապահության ոլորտում ի հայտ եկող գրականությանը և փորձել դրանով կողմնորոշվել: Մեզ մոտ ոչ այնքան հիվանդ կա, փառք Աստծո, ոչ էլ ունենք այդքան ֆինանսավորում, որ կարողանանք լուրջ հետազոտություն անել»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի կարծիքով՝ որոշ հետազոտություններ անելու հնարավորություն Հայաստանում կա, սակայն շատ հետազոտություններ էլ այս պահին հնարավոր չեն:
«Նայած, թե ի՞նչ խորության ու ի՞նչ բնույթի հետազոտություն է արվելու: Եթե բուն վիրուսային մասնիկների հետ հետազոտություն պետք է արվի, վիրուսը անջատվի և ուսումնասիրվի, դրա համար պահանջվում են որոշակի պայմաններ, որոնք չկան, եթե պետք է ուսումնասիրվեն հյուսվածքները, ենթադրենք՝ մահացած մարդկանցից, դա նույնպես որոշակի պայմաններ ու մասնագետներ է պահանջում, որոնք, վստահ չեմ, որ կան»,- ասաց Զաքարյանը: