Պարետատունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը համաճարակային իրավիճակը վերահսկելի պահելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը:
Նա տեղեկացրել է, որ հանրապետությունում համաճարակային վիճակը վերահսկելի է, և պարետատունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը վերահսկելի պահելու ուղղությամբ:
«Առայսօր արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, ընդ որում երկու քաղաքացիներ արդեն առողջացել են: Այս պահի դրությամբ մեկուսացման համար նախատեսված վայրերում ունենք 25 քաղաքացիներ, իսկ թեստավորումների թիվը 141 է: Ի դեպ, պարետատան թեժ գիծը մեկ օրվա ընթացքում մոտ 40 զանգ է ստանում՝ հիմնականում Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժերի, բեռնափոխադրումների և այլ հարցադրումներումների վերաբերյալ»,-մասնավորապես ասել է Տ. Աբրահամյանը: