«Պատերազմական իրավիճակի դեպքում չենք կարողանալու այդ համայնքներով զինտեխնիկա տեղաշարժել». Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովը ապրիլի 17-ի նիստում քննարկում էր Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2019թ. կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ՝ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագիրը» վավերացնելու հարցը:
Համաձայնագրով ՎԶՄԲ-ն ՀՀ-ին կտրամադրի վարկ՝ 13,400,000 եվրո գումարի չափով, կվերականգնվեն շուրջ 61 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնագիրը խորհրդարանի համաձայնությանը ներկայացնող Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց՝ արդյոք հատկացված վարկի շրջանակում կվերանորոգվե՞ն ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները:
«Այդ 500 կենսական կիլոմետրերի մեջ արդյոք ներառված են այն բոլոր ռազմավարական համայնքները, որոնք պատերազմական իրավիճակի դեպքում մենք չենք կարողանալու այդ համայնքներով զինտեխնիկա տեղաշարժել: Այսինքն՝ մենք ունե՞նք արդյոք այդ համայքների ճանպարհային քարտեզները: Մյուս կողմից՝ մենք գիտեինք ասֆալտների գեներալներին և գեներալուհիներին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մենք գնացինք Արցախ և տեսանք, թե ինչ վիճակում են ճանաապարհները: Այսինքն՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ մրցույթները լինելու են թափանցիկ և ինչպե՞ս եք այդ մրցույթներում շահած կազմակերպություների աշխատանքներին ներգրավելու այն մարդկանց, որոնք այս իրավիճակում զրկված են աշխատելու հնարավորություններից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ հետևում են մրցույթների թափանցիկությանը, սակայն հընթացս ավելացող ճանապարհներ չեն ունենալու, քանի որ իրենք աշխատում են արդեն 2019 թվականի ձմռանը հրապարակված պլանով, իսկ այդ ռազմավարական ճանապարհները կարձանագրվեն և կներառվեն 2021-2022 թվականների ծրագրերում:
Մանրամասները՝ տեսանյութում: