Ռուստամ Բաքոյանն առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ տարվա ընթացքում 4 օր վճարովի արձակուրդ տրամադրել աշխատողներին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանին ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Ըստ պատգամավորի, լրացումներ կատարելու արդյունքում ազգային տոները կամ հիշատակի օրերը նշելու համար պետք է տարեկան ոչ ավելի, քան 4 օր վճարովի արձակուրդ տրամադրվի աշխատողներին:
Անդրադառնալով օրինագծին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ 12 տարի շարունակ, բացի պետական համակարգում աշխատելուց, աշխատել է նաև մասնավոր հատվածում և չի հիշում այնպիսի դեպք, երբ ազգությամբ եզդի աշխատակիցը դիմի տոն օրերին աշխատանքի չներկայանալու համար և մերժվի:
«Մենք միշտ էլ հարգանքով ենք վերաբերվել եզդի ժողովրդի ազգային տոներին, հիշատակի օրերին: Պարոն Բաքոյան, Ձեր նախագծի նպատակն ինքնին հասկանալի է, այժմ չե՞ք կարծում, որ վատթարացնող վիճակ է սահմանվում, քանի որ, եթե այն ժամանակ մեր եզդի եղբայրները կարողանում էին վճարովի հիմունքներով օգտվել իրենց տոներին մասնակցելու հնարավորությունից, այս նախագծով նրանք զրկվում են աշխատավարձից»,- հարցրեց Գևորգ Պետրոսյանը:
Ռուստամ Բաքոյանն էլ արձանագրեց, որ իր բերած նախագիծը միայն եզդիական համայնքին չի վերաբերում:
«Ինչ վերաբերում է Ձեր բերված օրինակին, որ չեք հանդիպել դեպքի, երբ մարդիկ տոն օրերին չկարողանան բացակայել աշխատանքից, պետք է ասեմ, որ անձամբ ինձ հետ նման դեպք պատահել է՝ պետական համակարգում աշխատելիս, դա եղել է փոխթաղապետի մակարդակով: Հնարավոր է, որ նման խնդիրներ գոյություն ունենան, անձամբ հանդիպել եմ:
Իսկ ընդհանուր առմամբ՝ հայերի վերաբերմունքը եզդի ժողովրդին հասկանալի է և ակնհայտ, սրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա, խնդիրը սա չէ»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանն էլ հակադարձեց, որ իր խոսքն այն մասին չէ, որ Բաքոյանը վատ բան է ցանկացել անել, այլ ցանկանում է ընդգծել, որ աշխատողներն առանց դրա էլ օգտվել են վճարովի արձակուրդից: «Այսինքն՝ մենք սրանով գործատուին հնարավորություն ենք տալիս, որ, եթե աշխատակցին աշխատանքից բացակայելու թույլտվություն է տալիս, ապա կարող է աշխատավարձից պահումներ անել, խոսքս սրա մասին է»,- ընդգծեց նա: