Բաժիններ՝

«Ամեն գնով ցանկանում են որոշում կայացնել, որով Դավիթ Մովսիսյանին շարունակաբար կպահեն կալանքի տակ». Փաստաբան

Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ քննիչի ապօրինի գործողությունների առնչությամբ, նաև բողոքարկել սանկցիայի երկարացման որոշումը:

Հիշեցնենք, որ  Դավիթ Մովսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված:

Դ. Մովսիսյանի փաստաբանը մասնավորապես հայտնեց. «Երեկ հատուկ քննչական ծառայություն հաղորդում եմ ներկայացրել՝ ոչ միայն քննիչի ապօրինի գործողությունների մասով, այլ նաև բողոքարկել եմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սանկցիայի երկարացման որոշումը, բողոքարկել եմ նաև խափանման միջոցը գրավով փոխարինելը մերժելու մասին որոշումը և առանձին գրավի միջնորդություն եմ արել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Բացի դա՝ երեկ Սյունիքում նիստ անցկացվեց, քննեցին կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որի իրավասությունն իրենք չունեին. Միջնորդությունները քննվում են նախաքննության կատարման վայրի դատարաններում, իսկ հիմա նախաքննությունը կատարվում է Երևան քաղաքում՝ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերի քննության վարչությունում»:

Փաստաբանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ Սյունիքի դատարանն այդ միջնորդությունը քննելու իրավունք չուներ. «Բայց փաստացի քննեց, մի հատ էլ միջնորդությունը մերժելու որոշում կայացրեց: Այսինքն՝ ամեն գնով ցանկանում են որոշում կայացնել, որով Դավիթ Մովսիսյանին շարունակաբար կպահեն կալանքի տակ»:

Գոռ Գևորգյանը, սակայն, հավելեց, որ իրավական ճանապարհով ցանկացած միջոց պիտի օգտագործեն՝ սույն գործում հաջողության հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս