«Ուզում եք նորմալ, կոնստրուկտիվ աշխատել՝ աշխատեք, անլրջացնում եք նախագիծը». Էդմոն Մարուքյանը՝ իշխանական պատգամավորներին
Խորհրդարանական մեծամասնություն այսօրվա հերթական նիստում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերի փաթեթին, որը վերաբերում էր Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մինչև նախագծերի փաթեթը քվեարկության դնելը՝ հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ադրադառնալով նախագծերի մերժմանը՝ նշեց, որ դրանց հետ կապված հանձնաժողովում հնչել են տարբեր կարծիքներ և, դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ նա ասաց.
«Այս նախագծերին գիտական համայնքը տվել է իր կարծիքը, Ձեր կողմից առաջ քաշած հիմնավորումներին տրվել են պատասխաններ, կանգնած այս ամբիոնում լրիվ ուրիշ նախագծերի մասին եք խոսում և տպավորություն եք ստեղծում, որ առաջարկվող իրավակարգավորումը Ձեր ներկայացրած նախագիծն է:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, կա՛մ դա մի արեք դիտավորությամբ, որովհետև այստեղ այլ բան եմ կասկածում, կա՛մ նախագծերը լավ ընթերցեք, դրանց էությունը հասկացեք նոր այս ամբիոնից հրամցրեք հանրությանը: Հակառակ պարագայում ստացվում է մի իրավիճակ, որ մենք ինչ նախագիծ էլ բերենք, դուք աստեղ քանակապես շատ եք և կարող եք հերթով ելույթ ունենալ և խոսել այլ նախագծի մասին»:
Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ քննարկվում են այն նախագծերը, որոնք բերել էր ԼՀԿ-ն, ուստի որևէ նպատակ չունեն բերված նախագծերը փոխելու:
«Այս նախագծերը նույն կերպ քննարկվել է նաև հանձնաժողովում, մարդիկ միշտ էլ տարբեր կարծիքներ են ունենում և պետք չէ անընդհատ նշել, թե հանձնաժողովը միանշանակ չի քվեարկել, նորմալ է, որ յուրաքանչյուրը քվեարկել է իր իմացածով ու ցանկությամբ: Բոլոր այն նախագծերը, որոնք դրվում են շրջանառության մեջ, բոլորը դրանք կարդում են, տեղյակ են, միայն դուք չեք, որ տեղյակ եք: Խորհուրդ եմ տալիս, որ այլևս նման խորհուրդներով ԱԺ-ին չդիմեք»,- նշեց պատգամավորը:
Վարման կարգով հանդես եկավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ցանկություն չուներ միջամտելու բանավեճին, սակայն ուզում է հիշեցնել իշխանական պատգամավորի հարակից զեկուցումը, թե ինչպես գիտական նախագիծը անլրջացրեցին:
«Դա ի՞նչ հարակից զեկուցում էր, ցանկացած նախագիծ կարող ենք նման ձևով անլրջացնենք, հետո էլ նեղանում եք, որ խորհուրդ են տալիս ու ասում՝ մի՛ արեք, բա մի՛ արեք: Ուզում եք նորմալ, կոնստրուկտիվ աշխատել՝ աշխատեք, անլրջացնում եք նախագիծը և ուրիշ բան եք ներկայացնում, մարդկանց մոտ ուրիշ տպավորություն եք թողնում:
Պարոն Սիմոնյանը ճիշտ խորհուրդ է տալիս՝ մի՛ անլրջացրեք, նախագծի էությունն այն չէր, ինչ ամբիոնից ներկայացվեց, դեմ եք՝ դեմ քվեարկեք»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը: