«Եթե այս կարգավորումը չենք գրում, առաջանում է բաց». «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների նախագիծը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց. «Խոսքը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 1262 և 1268-րդ հոդվածում կատարվող փոփոխություններին: Առաջին հոդվածը վերաբերում է քաղաքացու անձնական օրենքին (քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված), որտեղ նշվում է, թե քաղաքացու անձնական օրենքը որ պետության իրավունքն է՝ որպես այդպիսին:
Այս հոդվածում փոփոխության անհրաժեշտությունը դեռևս առաջացել էր 2005 թվականին, երբ Սահմանադրությունում տեղի ունեցան փոփոխություններ, և երկքաղաքացիությունը, որպես այդպիսին, չարգելվեց և հետագայում արդեն օրենքի մակարդակով ընդունվեց: Այստեղ անհրաժեշտություն էր առաջացել կարգավորել այնպիսի փոխհարաբերություններ, որ, եթե քաղաքացին երկքաղաքացիություն ունի, այդ դեպքում նրա անձնական օրենքը որը պետք է համարել: Հիմա մենք առաջարկում ենք 1262-րդ հոդվածում ավելացնել մեկ պարբերություն, որտեղ ուղղակիորեն կնշվի, որ երկքաղաքացու օրենքը Հայաստանի իրավունքն է: Եթե այս կարգավորումը չենք գրում, առաջանում է բաց, և ըստ էության քաղաքացու իրավունքի ընտրության հետ կապված՝ առաջանում է կոլիզիա, թե որ երկրի իրավունքը պետք է կիրառվի կոնկրետ քաղաքացու նկատմամբ»:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ իր բերած պարզաբանման հետ կապված է նաև Քաղաքացիական օրենսգրքի 1268-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը, որը պարզապես տեխնիկական բնույթի փոփոխություն է, և առաջարկվում է ընդամենը փոխել մեկ բառ, ինչը, պատգամավորի կարծիքով՝ սխալ թարգմանության արդյունք է, ուստի առաջարկվում է հոդվածում տեղ գտած «կիրառվող» բառը փոխարինել «նկատմամբ» բառով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքում նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանով ոչ թե խնդիրներ են լուծելու, այլ մարդկանց համար խնդիրներ են ստեղծելու, քանի որ այն հայտնի անձինք, որոնք կվերադառնան Հայաստան և կցանկանան երկքաղաքացիություն ստանալ՝ փոփոխություններից հետո այլևս չեն ցանկանա, ուստի բացասական է գնահատում այդ փոփոխությունը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դավթյանի խոսքով՝ նշված փոփոխություններն իրենց համար ընդունելի են, քանի որ այստեղ խոսքը երկքաղաքացիության ինստիտուտի կարգավորման մասին է, ինչը իրավահարաբերությունների զարգացման տեսանկյունից բաց է մնացել:
Քննարկումների արդյունքում ձայների մեծամասնությամբ նախագիծը չընդունվեց: