Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար․ Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «5-րդ ալիք» ՀԸ տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար, այդ թվում՝ ներքին կյանքում, «որքան էլ իշխանություններն ասեն՝ չէ, այդպես չէ, բայց ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա»։

Վ. Սողոմոնյանը վստահեցրել է, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել այդ պաշտոնյան եւ հավաստիացրել, որ ինքը նման բան չի ասել։

«Ես հուսով եմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց ես չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաեւ հետագայում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մեկ ամիս առաջ  ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում արտահոսք եղավ, ինչը պատահական չէր, որ եթե նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել։ Ես հուսով եմ, որ դրանք չեն տուժի եւ մեր ժողովուրդը վնասներ չի կրի»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Խոսելով  Հայաստանի եւ Արցախի նախկին 4 վարչապետերի երաշխավորությամբ նախագահ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը քննարկելու հարցով դատական նիստի հետաձգման մասին, նա նշել է, որ այդ միջորդությունը չի քննարկվում, որովհետեւ դատավորը չկա։

«Պատկերը հետեւյալն է․ կալանքը ապօրինի է, արհեստական ձգձգվում է դատավարությունը, հիշում եք, որ դեկտեմբերին դատավորը գնաց արձակուրդ, երբ նախագահին անազատության մեջ թողնելով։ Աբսուրդ է, որ գործով 800 վկաների ցուցմունքները, որոնք նախագահին չեն առնչվում, փոխելու ցանկություն կունենա ինչ-որ մեկը, որ նա պետական պահպանության տակ է, նախագահին մշտապես ուղեկցում են ԱԱԾ սպաներ եւ նա չի կարող տեղաշարժվել այնպես, որ ոչ ոք չիմանա, երկրի սահմանները փակ են, հետեւաբար նա չի կարող թաքնվել։

Տեղի են ունենում լկտի խախտումներ, որոնք հարիր չեն ոչ միայն քաղաքական դեմքերին, այլեւ մարդուն ընդհանրապես։ Այս ամենով հատեցինք մի գիծ, որից այն կողմ պետք է ամրագրենք՝ լռությունը համաձայնության նշան է։ Ես հուսով եմ, որ քաղաքական դասի ներկայացուցիչները, իրավապաշտպանները էլ չեն կարող ասել՝  սպասենք,  տեսնենք՝ ինչ է լինում։

Այս դեպքում լռությունը համաձայնության նշան է, այս դեպքում՝ նաեւ մեղսակցության։ Մենք տեսել ենք հեռախոսային արդարադատությունը, թե «կալանքը ուզես-չուզես պետք է տաս»։ Հիմա էլ դատավորին ասել են՝ գնա վիրահատության, ինչ ուզում ես արա, ձգձգիր։ Թե չէ ինչպես եւ ինչի հիման վրա նա պետք է մերժի Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի երաշխավորությունը։ Մենք տեսնում ենք ՀՀՇ-ի իղձերի իրականացումը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու փաստի վրա մի մեծ կնիք է դրվում՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ»,- ասել է Սողոմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս