Որքան վարակակիր և մահ կունենայինք, եթե արտակարգ դրություն չհաստատվեր. Պարետը սցենարն է ներկայացնում
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է Կառավարության ներկայացրած արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նախ ամփոփեց մարտի 16-ից երկրում հաստատված արտակարգ դրության ընթացքում արձանագրված ցուցանիշները, որոնք, ի դեպ, ամենօրյա ռեժիմով պարետատունը հրապարակում է:
Պարետը նաև ներկայացրեց այն վիճակագրությունը, որը մենք կունենայինք, եթե արտակարգ դրություն չհաստատվեր և առհասարակ որևէ կանխարգելիչ միջոցառում չիրականացվեր:
«Վարակի տարածման արագությունը հավասար է 2.4-ի, այսինքն՝ մեկ վարակված մարդը պետք է վարակեր 2.4 մարդու, իսկ վարակակիրների թիվը բարձրակետին է հասնում առաջին արձանագրումից մոտավորապես 75-80 օր հետո: Այս իմաստով մենք գտնվում ենք 50-օրվա կետում: Այդ կետում վարակվածների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին, հոսպիտալացվածների թիվը միայն Երևանում կլիներ 8200: Սրանք ծանրագույն դեպքերը կլինեին, որովհետև Երևանում վարակված կլիներ 110 հազար մարդ: Նման սցենարի դեպքում առողջապահական համակարգը ի վիճակի չէր լինի արձագանքել համաճարակին և նույնիսկ ընթացիկ դեպքերին արձագանքել: Որևէ միջոցառում չանելու դեպքում կունենայինք հարյուրավոր մահեր»,- պարզաբանեց Տիգրան Ավինյանը:
Պարետը նշեց նաև, որ արտակարգ դրության ռեժիմի ընթացքում սահմանված սահմանափակումներն էֆեկտիվ են, մարդկանց շարժն օրվա պիկ ժամերիին՝ 17:00-ից մինչև 20:00, նվազել է մոտ 40 տոկոսով, վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ին կազմել է 1.2-1.3, իսկ խիստ սահմանափակումներից հետո ընկել է՝ հասնելով՝ 0.8-0.9: