Զելենսկին Իսպանիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր է ստորագրել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակցություններ են վարել Մադրիդի Մոնկլոա պալատում։ Ինչպես հաղորդում են Reuters-ից, Սանչեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շեղի Իսպանիայի ուշադրությունն Ուկրաինային աջակցելուց։
«Մենք չենք կարող ժխտել, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը մոնոպոլիզացնում է քննարկումը, և այդ պատճառով ես ցանկանում եմ Ուկրաինայի կառավարությանն ասել, որ ոչինչ և ոչ ոք չի ստիպի մեզ մոռանալ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում», – ասել է վարչապետը։
«Մենք կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել ուկրաինացի ժողովրդին», – հավելել է նա։
Բանակցությունների շրջանակում Ուկրաինան և Իսպանիան ստորագրել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական համագործակցության վերաբերյալ կառավարական համաձայնագիր, ինչպես նաև Իսպանիայում համատեղ արտադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր։
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զենք արտադրողները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել իսպանական Sener Aerospace & Defence ինժեներական և տեխնոլոգիական խմբի հետ։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի ՀՕՊ համակարգի արտադրության և ամրապնդման հնարավորությունները։ ՀՕՊ-ի ամրապնդումը և կյանքերի պաշտպանությունը մեր գերակա խնդիրն է։ Մենք նաև հետաքրքրված ենք հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ նախագծերով։ Ուկրաինան ունի նոր մշակումներ և պատրաստ է դրանք ընդլայնել», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Լոնդոն, որտեղ հանդիպել է Չարլզ 3-րդ թագավորի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։



