ՍԱՏՄ-ն մեկ ամսվա ընթացքում ավելի քան 4000 սննդամթերքի իրացման և արտադրության կազմակերպություն է այցելել, տվել հանձնարարականներ. Գեորգի Ավետիսյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակաշրջանում իրականացրել է կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված բազում աշխատանքներ:
Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ՝ կառույցն այս ընթացքում հետամուտ է եղել, որ իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին բաժանվեն վարակի տարածում կանխելուն ուղղված գործողությունների ուղեցույցներ:
«Մեր տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևան քաղաքի՝ մոտ 500, իսկ մարզերում՝ մոտ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ, մինչև հանրային սննդի օբյեկտների աշխատանքի դադարեցումը՝ նաև հանրային սննդի օբյեկտներ»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները հանձնարարել են սննդամթերքի իրացումն ու արտադրումը կազմակերպող կառույցներին՝ սովորականից հաճախ կատարել պինդ մակերևույթների՝ գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ սարքերի ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոնններ, բացառել խանութներում ավելորդ հերթերը, ինչպես նաև արգելել խանութներում օդակաթիլային վարակների ախտանիշերով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքն աշխատանքային տարածք:
«Ամենօրյա ռեժիմով մենք ստանում ենք ֆոտո և տեսառեպորտաժներ տնտեսվարողներից շատերից, ինչպես նաև մեր տեսուչներն ամենօրյա ռեժիմով շրջայցեր են իրականացնում բոլոր հնարավոր խանութներում»,- հավելեց Գեորգի Ավետիսյանը:
ՍԱՏՄ ղեկավարի փոխանցմամբ՝ ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ առցանց վաճառվող սննդամթերքի գործունեության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման նպատակով: