«Հազար ու մի բան կարող է պատահել, տվյալները մի տեղից ջնջեն, մի տեղում մնա, ո՞ր մարմինն է պատասխանատվություն կրում». Պատգամավորը՝ Ռուստամ Բադասյանին
ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ո՞ր իրավասու մարմինն է հավաքագրելու քաղաքացիների հեռախոսազանգերի տվյալներն ու նրանց տեղաշարժման վերաբերյալ տեղեկությունները և ո՞ր մարմինն է վերահսկելու տվյալների ոչնչացման գործընթացը, երբ դրա ժամանակը գա:
«Այնպես չստացվի, որ միևնույն մարմինը և՛ այդ տվյալները հավաքագրում է, և՛ ինքն իրեն վերահսկում է, որպեսզի այդ տեղեկատվությունը ժամանակին ոչնչացվի, այլ տեղեկություն չհավաքվի, և այլն: Մենք բոլորս գիտենք, որ հազար ու մի բան կարող է պատահել, տվյալները մի տեղից ջնջեն, մի տեղում մնա, կամ ինչ-որ բան մոռանան: Այսինքն՝ շատ հստակ իմանանք, թե որ մարմինն է պատասխանատվություն կրում»,- նշեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ Արդարադատության նախարարը նշեց, որ հավաքագրված տվյալները ոչնչացնում է այն մարմինը, որը հավաքագրում է դրանք:
«Եթե նույնիսկ այլ մարմնի վերապահենք վերհսկողական ֆունկցիա, ակնհայտ է, չէ՞, որ այդ ծրագրից պետք է հասկանա, որպեսզի դրանում եղած տեղեկատվությունը ջնջի: Ամեն դեպքում Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի անձնական տվյալների ոչնչացմանը լուրջ ուշադրություն դարձնի, որպեսզի այն իրականում ոչնչացվի: Չեմ կարծում, որ համաճարակի այս պայմաններում որևէ մեկը կարող է այդ տվյալներից այլ նպատակներով օգտվել»,- շեշտեց նախարարը:
Հաջորդ հարցին՝ եթե քաղաքացին հրաժարվում է թույլատրել իր բջջայինում ներբեռնել այդ վերահսկման ծրագիրը, այդ դեպքում ի՞նչ է սպասվում նրան, նախարարը պատասխանեց, որ այդ դեպքում պետք է արդեն մտածեն մեկուսացման, ինքնամեկուսացման այլ միջոցառումների մասին, որոնք կսահմանեն Կառավարության որոշմամբ:
«Բոլոր հարցերը, թե հավելվածից ինչպես են օգտվելու, հրաժարվելու դեպքում ինչ է լինելու և այլն, կկարգավորվեն Կառավարության որոշմամբ: Տարբերակները շատ չեն, կամ սա ենթադրում է մեկուսացում այլ վայրում կամ այլ տարբերակ, եթե մարդը սմարթֆոն չունի, ապա սա ավելի բարդ դեպքերից է, մարդու առողջությունը պահպանելու համար Կառավարությունն այլ միջոցառում պետք է իրականացնի»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը: