ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար

Երեկ՝ մարտի 16-ին, կառավարության որոշմամբ ՀՀ-ի ողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն, ինչով պայմանավորված՝ որոշակի հաստատությունների աշխատանքը դադարեցվեց:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Արտակարգ դրության ժամանակ  նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

Եվ այսօր Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի քննությունը՝ բանավոր ընթացակարգով:

2019 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ մի շարք օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Դիմումով ՀՀ նախագահը խնդրել էր ՍԴ-ին՝ անդրադառնալ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին և դրանց վերաբերյալ որոշում կայացնել:

ՍԴ-ում ՀՀ նախագահի օգնական Լիլիթ Երեմյանը ներկայացրեց երեք առանցքային խնդիրները, որոնք դրվել էին հանրապետության նախագահի դիմումի հիմքում:

«Առաջին, «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով» և դրան համակցված վիճարկվող մյուս օրենքներում բացակայում է համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ նախագահի կողմից նշանակելու կարգը, մինչդեռ այդպիսի կարգը օրենքով նախատեսելը հանդիսանում է Սահմանադրության 138-րդ հոդվածի ուղիղ և աներկբա պահանջը»,- ասաց Լիլիթ Երեմյանը:

Որպես երկրորդ կետ՝ Երեմյանը բարձրացրեց ժամկետների խնդիրը: Մասնավորապես նշվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման համար օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետի վիճարկումը: Ըստ Երեմյանի՝ այդպիսի ժամկետը գործող կարգավորումների պարագայում չի կարող դիտարկվել որպես ողջամիտ, և  այն չի համապատասխանում ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու սահմանադրական նպատակներին:

Դիմումում նաև վիճարկվում էր այն հանգամանքը, որ Սահմանադրության 138 հոդվածով նախատեսված մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև  մարմինների  ժամանակավոր պաշտոնակատարների՝ հանրապետության նախագահի կողմից նշանակելու ժամկետները կարգավորված չեն:

Երրորդ հանգամանքը, որ ներկայացվեց դատարանում, անկախ սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց ժամանակավոր պաշտոնակատարների անկախության երաշխիքները օրենքներով նախատեսված չլինելն է: Ըստ ՍԴ նախագահի օգնականի՝ խոսքը ինստիտուցիոնալ և գործառնական անկախության երաշխիքների բացակայության, ինչպես նաև տնտեսական անկախության, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքների բացակայության մասին է:

«Եվ, փաստորեն, բարձր դատարան, ստացվում է, որ, եթե հանրապետության նախագահը գործող օրենքներով նշանակի համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատար, ապա այդպիսի պաշտոնակատարի անկախությունը իրավական տեսանկյունից ուղղակիորեն հարցականի տակ է լինելու»,- ասաց Լիլիթ Երեմյանը:

Ավելի քան 3 ժամ քննություն իրականացնելուց, կողմերին լսելուց, հարցեր հնչեցնելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դռնփակ խորհրդակցություն անցկացնելու համար:

ՍԴ-ն որոշումը հրապարակելու ժամի և օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի:

 

Տեսանյութեր

Լրահոս