Դանիբեկյանը կրկին մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում միջնորդությունը ներկայացնելիս Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու նոր հանգամանք է առաջացել:
Փաստաբանը մեջբերել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ pastinfo.am-ին 2019թ. դեկտեմբերի 12-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ հարցին ի պատասխան արտահայտած խոսքը, թե «Իշխանությունները ցանկանում են, որ մեր բոլոր դատարանները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման»:
«Իշխանությունները, որոնց համար Դուք, հարգելի դատարան, ցանկալի դատավոր եք հանդիսանում, բազմիցս և ամենահստակ կերպով արտահայտել են իրենց դիրքորոշումն այն մասին, թե ինչպես են ցանկանում տեսնել այս գործի ընթացքը և ելքը»,- ասել էր Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով այն դեպքերը, որոնք միջնորդության փաստարկումներն էին:
Ալումյանն անդրադարձել էր նաև դեռ 2018 թվականի հուլիսից իշխանության տարբեր ներկայացուցիչների արած հայտարարություններին, կատարած գրառումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսախոսազրույցների ձայնագրությանը:
Ալումյանը արձանագրել էր, որ ինքը դատարանում այս փաստերը ներկայացնում էր՝ ցույց տալու համար, որ այսօր քաղաքական իշխանությունը, իշխանական բուրգը ուղղակիորեն շահագրգռված են, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի մեջ, և չեն թաքցնում իրենց շահագրգռվածությունը:
Հայկ Ալումյանի գնահատմամբ՝ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից, օբյեկտիվ չափանիշերի դիտարկմամբ՝ Աննա Դանիբեկյանն այս գործը չի կարող քննել:
Դատախազները և տուժող կողմի ներկայացուցիչները առարկել էին միջնորդության դեմ: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նախորդ դատական նիստում հայտարարել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցադրում է արվել դատական համակարգի թիրախավորման վերաբերյալ, և ԲԴԽ նախագահը ի պատասխան նշել էր, որ թիրախավորումը ավարտված չէ, և դատական համակարգին տրվող գնահատականները տարբեր են։
«Մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչները այլ կերպ են գնահատում դատական համակարգը, իշխանությունը դատական համակարգը այլ կերպ է գնահատում, և յուրաքանչյուրը իր դիրքերից էդպիսի գնահատականներ է տալիս։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պատասխանի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ դատական համակարգը դրսևորում է անկախություն և գործում է՝ անկախ այդ տրված գնահատականներից, ընդ որում՝ անկախ որևէ ցանկությունից»,- ասել էր Գևորգ Բաղդասարյանը: