Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին: Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ գործը դատարան ներկայացրել են 2020 թվականի հունվարի 9-ին:

Միջնորդությունը ներկայացնելով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու նոր հանգամանք է ավելացել, որը բացառում է դատավոր Դանիբեկյանի՝ այս քրեական գործը նախագահելը:

Փաստաբանը մեջբերեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ pastinfo.am-ին 2019թ. դեկտեմբերի 12-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ հարցին ի պատասխան արտահայտած խոսքը, թե «Իշխանությունները ցանկանում են, որ մեր բոլոր դատարանները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման»:

«Իշխանությունները, որոնց համար Դուք, հարգելի դատարան, ցանկալի դատավոր եք հանդիսանում, բազմիցս և ամենահստակ կերպով արտահայտել են իրենց դիրքորոշումն այն մասին, թե ինչպես են ցանկանում տեսնել այս գործի ընթացքը և ելքը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով այն դեպքերը, որոնք իր ներկայացրած միջնորդության փաստարկումներն էին:

Փաստաբանը դատարանում հիշեցրեց վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի 27.07.2018թ. ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի լուսանկարի տեղադրումն ու դրան կից արված գրառումը՝ «օսմանյան հորդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփծփացող և վայելքներով լի կյանքը ընդհատվի»:

Հաջորդ փաստարկը վարչապետի նախկին մեկ այլ խորհրդականի՝ Նիկոլայ Բաղդասարյանի 28.07.2018թ. ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը տեղադրելն է և դրան կից՝ «ի՞նչն էր իրականում մարտի 1-ի դեպքերի պատճառը, ագահությո՞ւնը, որը դրդում էր ամեն գնով պահել ապօրինի թալանածը, որի մասին համոզված եմ դեռ կասվի, որն էլ դարձավ 10 զոհերի պահանջը» գրառումը:

Հայկ Ալումյանը դատարանում նաև հիշատակեց վարչապետի մեկ այլ նախկին խորհրդականի՝ Արփի Դավոյանի 26.07.2018թ. ֆեյսբուքյան էջում տեղադրած armtimes.com կայքի հոդվածը՝ «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել» վերնագրով, որը Արփի Դավոյանը մեկնաբանել էր այսպես. «Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում, մարտի 1՝ Քոչարյանի գողացած գարունը»:

Հաջորդ փաստարկը վերաբերում էր փոխվարչապետի օգնական Վիկտորիա Այդինյանի 28.08.2018 թ. ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ «երջանիկ ժպիտով տեղադրած իր լուսանկարն էր»՝ կից մակագրությամբ՝ «Քոչարյանի կալանավորման լուրը լսելիս»:

Հայկ Ալումյանը դատարանում հիշեցրեց նաև վարչապետի պաշտոնը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե իր առաջնահերթություններից մեկը 2008թ. մարտի 1-ի գործի բացահայտումն է:

«Ընդ որում, նախքան վարչապետ դառնալը, և նույնիսկ վարչապետ դառնալուց հետո, պարոն Փաշինյանը բազմիցս հստակորեն ներկայացրել է մարտի 1-ի իրադարձությունների իր վարկածը՝ նշելով, որ զոհերի համար պատասխանատվությունը պետք է կրեն պարոն Ռոբերտ Քոչարյանը և այդ ժամանակվա ուժային կառույցների ղեկավարները»,- միջնորդությունը ներկայացնելով՝ ասաց Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանը դատարանում նաև հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 18-ին Հանրապետության հրապարակում հնչեցրած դիտարկումը, թե՝ «ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց մյուս կողմից՝ ես ուզում եմ շատ հստակ ընդգծել՝ սա չի նշանակում, որ  որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Ես ուզում եմ և՛ նախորդ իշխանություններին, և՛ նրանցից հրահանգ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»:

Ալումյանի դիտարկմամբ՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը անուններ չէր տվել, բայց պարզ է, որ ակնարկել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորներին:

Նա անդրադարձավ նաև 2018թ. սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի պնդմանը՝ «ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի՝ չէ: Էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ», ինչպես նաև նույն օրը հնչեցրած այլ պնդումներին, թե՝ Քոչարյանը Ալիևի հետ պայմանավորվածություն է ունեցել 2008թ. մարտյան օրերին:

Դատարանում հնչեց նաև 2018թ. սեպտեմբերի 15-ին արված Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե՝ «որ էդ դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանին ա բաց թողնում, դա մեր դեմ ա աշխատում», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որում նրանք քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը, Աննա Դանիբեկյանի արձակուրդի հանգամանքն ու դրան առնչվող փաստերը:

Ալումյանը նշեց, որ ինքը դատարանում այս փաստերը ներկայացրեց՝ ցույց տալու համար, որ այսօր քաղաքական իշխանությունը, իշխանական բուրգը ուղղակիորեն շահագրգռված է, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, և չեն թաքցնում իրենց շահագրգռվածությունը:

Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից, օբյեկտիվ չափանիշերի դիտարկմամբ՝ Աննա Դանիբեկյանն այս գործը չի կարող քննել, ու միջնորդեց դատավոր Դանիբեկյանին՝ հայտնել ինքնաբացարկի միջնորդություն:

Տեսանյութեր

Լրահոս