«Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը նույնն էր, որ բերեն մի թնդանոթ և դնեն լրատվական դաշտի դիմաց». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Կարծում եմ՝ որևէ մեկը չի վիճի, որ Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք տարիներ շարունակ դիմագրավել են փորձություններին և այդ տարիների փորձով ձևավորել են ինչ-որ հանրույթ, որն աստիճանաբար կտրվում է տեղեկատվական աղբից։ Եթե հիմա ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի տարանջատում լինի իրական լրատվամիջոցի և քարոզչամիջոցների միջև, ապա ստիպված ենք այդ ժամանակներն ապրել, դիմանալ, համբերել, մինչև այդ զտումը վերջնակապես կիրականացվի»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած  «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ կա հստակ մշակված քաղաքականություն լրատվամիջոցները վարկաբեկելու, լռեցնելու և նրանց դեմն առնելու և լիարժեք վերահսկողություն սահմանելու համար։

«Երբ երկու օր առաջ իմացա, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որպես մի մարդ, որը հետևում է տարածաշրջանում պատերազմական իրավիճակին, դա նույնն էր, որ բերեն մի թնդանոթ և դնեն լրատվական դաշտի դիմաց, առաջին տեղադրված թնդանոթը, որը վաղ թե ուշ կրակելու է, և դրանից մենք չենք կարողանալու խուսափել։ Հայաստանում քաղաքական իշխանություններն այսօր ունեն տոտալ վերայհսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ, ո՞վ է ասել, որ չորրորդ իշխանությունը դրանից զերծ է մնալու, չի լինելու նման բան»,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է համախմբվեն ոլորտում գործող բոլոր ուժերը՝ լրատվամիջոցներ, փորձագետներ և իրավապաշտպաններ,  փորձեն այնպես անել, որ մեկ թնդանոթի կողքին երկրորդը չդրվի և չլինի մասշտաբային հարձակում։

«Այս քննարկման ուղիղ եթերին էի հետևում, տեսանյութի տակ հայտնված մեկնաբանություններին, ասեմ, որ այստեղ գտնվող բոլորիս շատ «նախշել» են, զուգահեռ ատելության խոսք, թշնամանք, հայհոյանք, և այդ ամենը միանշանակ արվում է  ուղղորդված, որի նպատակը լրատվական դաշտի և ազատ խոսքի իսպառ ոչնչացումն է»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս